ԱԺ մուտք գործած երիտասարդին ինքնասպանության հասցնելու գործով վարույթը կասեցվել է

Նոյեմբերի 9–ի կապիտուլյացիոն համաձայանգրի հրապարակումից հետո Ազգային ժողովի շենք մուտք գործած և ԱԺ փոխխոսնակի աթոռին լուսանկարված 27–ամյա Գառնիկ Պետրոսյանի՝ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունության վերահսկողության վարչության պետ Վ. Մեսրոպյանը։

Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող ՀՀ ՔՕ 110–րդ հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է նախորդ շաբաթ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31–րդ հոդվածի  1–ին մասի 1–ին կետի՝ գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի՝ հայտնի չլինելու հիմքով։

Քննչական կոմիտեի պաշտոնյան միաժամանակ տեղեկացրել է, որ քննության ներկա փուլում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա և տուժող Գ. Պետրոսյանի կողմից ինքնասպանություն գործելու շարժառիթը պարզված չէ։

NEWS.am–ը Քննչական կոմիտեից փորձել էր ճշտել՝ արդյոք քննության առարկա դարձե՞լ է ԱԱԾ դեպարտամենտում քննվող մեկ այլ գործի շրջանակներում  հարցաքննության  ժամանակ ԱԱԾ ծառայողների կողմից Գ. Պետրոսյանի նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրելու հանգամանքը, եթե այո, ի՞նչ է պարզվել։

Միաժամանակ հետաքրքրվել էինք, արդյոք գործի շրջանակներում հարցաքննվել են նախքան ենթադրյալ ինքնասպանության դեպքը Գ. Պետրոսյանին մեղադրյալի կարգավիճակում հարցաքննած ԱԱԾ ծառայողները, եթե այո՝ դատավարական ի՞նչ կարգավիճակով։ Այս հարցերի առնչությամբ ՔԿ–ն հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանք հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․