Փրկարարներն Արագածոտնի երեք բնակավայրերում դադարեցրել են անձրևաջրերի հոսքը և կանխել տների ջրալցումը

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 24-ին, ժամը 11։00-ից 11։43-ն ահազանգեր է ստացել, որ Ապարան քաղաքի Զ․ Դարյան փողոցում, Շահումյան 22-րդ փողոցում, Ռյա Թազա և Քուչակ գյուղերում գտնվող մի քանի տներում սելավատարերը խցանվել են, անձրևաջրերը լցվում են տները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են Շահումյան 22-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկը, մոտակա տան նկուղ և հյուրասենյակ, Զ․ Դարյան փողոցում գտնվող տներից մեկը, Ռյա Թազա գյուղում գտնվող տներից մեկի բակ և Քուչակ գյուղի 7-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել հունը և կանխել տների ջրալցումը։