Քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ կառուցելու հարցը. փոխվարչապետը՝ ապաշրջափակման գործընթացի մասին (տեսանյութ)

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի առումով առաջընթաց ունենք, բայց այս պահին իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար։

Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի՝ տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ հարցին՝ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Գործում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբ։ Արդեն ունեցել ենք մի քանի նիստ։ Գործում են նաև ենթախմբեր, որոնք փորձագիտական աշխատանքներ են իրականացնում ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի, ինչպես նաև իրավական, անվտանգային և այլ հարցերի հետ կապված։ Մենք պլանավորել էինք զեկույցով հանդես գալ մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև հավելյալ աշխատանքների անհրաժեշտություն կար»,- ասաց նա։

Փոխվարչապետի պատասխանին հետևեց Ենգիբարյանի հաջորդ հարցադրումն այն մասին, թե կոնկրետ ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը և երկաթգծից բացի՝ ավտոտրանսպորտային ենթակառուցվածքներ նախատեսվո՞ւմ է գործարկել։
«Հիմնականում քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ կառուցելու հարցը, որը նախատեսվում է հնարավոր բոլոր ուղղություններով»,- ամփոփելով խոսքը՝ նշեց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում