Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման անարդյունավետ բանակցություններից․ Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում  տեղեկացրել է, որ հրաժարվել են «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից:

«21.03.21-ին, պաշտոնական գրությամբ հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից. 2018-ից առ այսօր, չնայած մեր ԲՈԼՈՐ ջանքերին, առաջարկներին, պնդումներին և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ՈՉԻՆՉ-ՈՉԻՆՉ չի փոխվել և չի փոխվի:

Ես այստեղ ու այսուհետև դիմում եմ և դիմելու եմ բացառապես ՄԱՐԴԿԱՆՑ ու ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, բացառապես ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին` բոլորին, որ ՄՇԱԿՈՒՅԹԻ ու ԲԱՆի ու ՀՐԱՆՏԻ արժեքն ու դերը հասկանում են. մեր ԿԵՆՏՐՈՆԸ կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես` այդ ֆինանսավորմամբ: ԱՌԱՋ. ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ մեր Կենտրոնը»,- գրել է Դ. Մաթևոսյանը: