Նիկոլ Փաշինյանը «հրթիռային» հարվածներ է հասցնում Մոսկվային. «Սվոբոդնայա պրեսսա»

Տպավորություն է ստեղծվում, որ Լեռնային Ղարաբաղում աշնանը կրած ջախջախիչ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, ռազմական հեղաշրջում է հրահրում: Համենայնդեպս թվում է, որ ձգտելով քաղաքականապես ողջ մնալ և իր վրայից գցել Երևանի համար 44-օրյա պատերազմի ցավալի արդյունքների պատասխանատվությունը՝ Փաշինյանը մեկը մյուսի հետևից անհեթեթ և անգամ ծիծաղելի հայտարարություններ է անում սեփական բանակի հասցեին:

Այս մասին գրում է «Սվոբոդնայա պրեսսան»՝ առանձնացնելով նման հայտարարություններից մեկը, որով Փաշինյանը հանդես է եկել հանգստյան օրերին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, երբ փորձել է բացատրել, թե ինչու Ղարաբաղի համար մարտերում չեն կիրառվել վերջերս Ռուսաստանից գնված Սու-30ՍՄ 4 ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչները:

«Պարզվում է, Փաշինյանի տեղեկություններով՝ նախկին իշխանությունները Սու-30ՍՄ կործանիչները ձեռք բերելու մասին պայմանագիրը կնքելիս, չգիտես ինչու, չեն ներառել Ռուսաստանից «օդ-օդ» տեսակի հրթիռների միաժամանակյա մատակարարման մասին կետը: Այդ իսկ պատճառով վարչապետի խոսքով՝ պատերազմի ողջ ընթացքում 4 ահեղ «Սու»-երը հենց այնպես կանգնած են եղել ավիաբազայում»,-  նշում է հոդվածագիր Սերգեյ Իշչենկոն:

«Մեզ մեղադրում են, ասում են՝ ինչո՞ւ եք գնել ինքնաթիռները: Այո, մենք գնել ենք ինքնաթիռները, և այո չենք հասցրել մինչև պատերազմը գնել հրթիռները: Սակայն եթե ինքնաթիռները գնեիք դուք, մենք կգնեինք հրթիռները»,- գյուղաբնակների հետ հանդիպմանը մշուշոտ մեկնաբանություն է տվել Փաշինյանը:

Փաշինյանին մեջբերելով՝ հեղինակը նշում է, որ նրա ելույթից հասկանալի է միայն այն, որ Հայաստանում առկա կործանիչներն իսկապես համալրված չեն եղել և հիմա էլ համալրված չեն հիմնական գործարանային սպառազինմամբ: «Իսկ ո՞վ է դրա մեղավորը: Փաշինյանի տեսակետից՝ միայն ոչ ինքը»,- նշում է հեղինակը:

«Բայց ինչպե՞ս է այդպես ստացվում: Չէ՞ որ մոտ երեք տարի առաջ Երևանում փողոցի ուժով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի դեկտեմբերի 27-ին անձամբ էր Գյումրու օդանավակայանում դիմավորել ռուսական գործարանից հենց նոր ժամանած նորագույն կործանիչները և հետևել էր դրանց ցուցադրական թռիչքներին: Այդ տեսարանով տպավորված վարչապետը բարձրագույն գնահատականի էր արժանացրել օդում ճախրող «Սու»-երին՝ ասելով. «Այսօր կարևոր օր է մեզ համար, քանի որ մատակարարվել է այս տարվա գլխավոր ձեռքբերումը՝ «Սու-30ՍՄ» գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այդ ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության համար»: Մի՞թե երկրի գործադիր իշխանության ղեկավարը խաբվել էր: Նա չէ՞ր տեսնում, որ իրեն այդքան հիացրած կործանիչները գործնականում անզեն են և պատրաստ չեն որևէ պատերազմի»,- նկատում է հոդվածագիրը:

Նրա խոսքով՝ նման ճչացող անփութությունը, իհարկե, կարող էր շատ բան բացատրել գլխավոր առեղծվածի հարցում, որի շուրջ այսօր գլուխ է կոտրում ողջ Հայաստանը. ո՞ւմ մեղքով իրենց պետությունը մարտական գործողությունների մեկուկես ամսում հայտնվեց կործանման եզրին: Պարզապես այն պատճառով, որ անգամ վարչապետը, ինչպես պարզվում է, նվազագույն պատկերացում անգամ չուներ, թե իրականում ինչ է ձեռք բերել իր բանակը, ապա ինչի՞ մասին կարելի է մտածել:

«Եվ երկրորդ, այսօր Փաշինյանը պնդում է, որ իր կառավարությունն ուղղակի «չի հասցրել» գնել «օդ-օդ» տեսակի հրթիռները: Մոսկվա՞ն էր այդքան երկար ձգձգում որոշման հարցը:  Ինչ-որ նման չէ: Չէ՞ որ Հայաստանը դարձել է հետխորհրդային տարածքի երրորդ երկիրը, որը գնել է Սու-30ՍՄ կործանիչները: Նրանից բացի, նման գնումներ են արել Ղազախստանը և Բելառուսը: Սակայն ո՛չ Մինսկից, ո՛չ Աստանայից մինչ օրս ոչ մի բողոք այդ հարցով չի հնչել: Ստացվում է, նրանք Ռուսաստանից հրթիռներ ստացել են: Բացի այդ, հաշվի առնելով Երևանի ոչ մեծ վճարունակությունը և Անդրկովկասում մեր մերձավոր դաշնակցի կարգավիճակը՝ ՌԴ ղեկավարությունը բացառության կարգով ծանր կործանիչների այդ քառյակը վաճառել է ներռուսական գներով»,- նշում է հեղինակը:

Վերջինս կարծիք է հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, «սա ոչ վաղ անցյալում փողոցի տիրակալ, չափազանց խորամանկ Նիկոլ Փաշինյանի հերթական փորձն է՝ ասել ինչ պատահի, միայն թե մնա իր աթոռին»: Հոդվածագրի կարծիքով՝ Փաշինյանն ուղղակի կրկնում է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ վաղուց հերքված մեղադրանքները պատերազմում Սու-30ՍՄ-ների տարօրինակ անգործության վերաբերյալ:

Հոդվածագիրը հիշեցրել է պատերազմից հետո Մովսես Հակոբյանի սենսացիոն մամուլի ասուլիսի մասին, որի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ մարտական գործողությունների մեկնարկի նախօրեին թիվ № 0038 գաղտնի հրամանով Հայաստանի Զինված ուժերը զգալիորեն թուլացվել են սեփական ղեկավարության կողմից: Մովսես Հակոբյանը, մասնավորապես, տեղեկացրել էր, որ «կրճատվել է 5 գունդ»:

Ինչպես Իշչենկոն նկատում է, կրճատվել են այն զորամասերը, որոնք համալրված են եղել համալիր սպառազինմամբ և որոնք պատերազմ սկսելու դեպքում կկարողանային հեշտությամբ համալրվել և ուղարկվել ճակատ:

Սյունակագիրը հիշեցրել է նաև, որ Հակոբյանի բացահայտմամբ՝ պատերազմի երրորդ օրը Փաշինյանն անձամբ է կանգնեցրել սկսված մոբիլիզացիան և կոչ արել քաղաքացիներին մարտական գործողությունների վայր մեկնել որպես կամավորներ:

«Այս մեղադրանքներն այնքան խոսուն էին, որ գործին անմիջապես միջամտեց Հայաստանի դատախազությունը: Իսկ արդեն մեկ ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, գերատեսչությունը պաշտոնապես հայտարարեց, որ Հակոբյանի բերած փաստերը չեն հաստատվել: Սակայն հենց այդ ասուլիսի ժամանակ էր առաջին անգամ խոսք եղել Սու-30ՍՄ կործանիչների հրթիռների մասին»,- նշում է հեղինակը:

Անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը չի վաճառում «օդ-օդ» տեսակի և խոցման 130 կմ հեռահարությամբ հրթիռները, Իշչենկոն հակադարձել է՝ ասելով, թե ինչո՞ւ են այդ դեպքում այդ ինքնաթիռները ՌԴ-ից գնում նաև Ալժիրը, Չինաստանը, Հնդկաստանը, Վենեսուելան և Մալայզիան:

«Մալայզիան դեռ 2012 թվականին 35 մլն դոլարով Ռուսաստանից իր «Սու»-երի համար գնել է Р-77 «օդ-օդ» տեսակի հրթիռների խմբաքանակը: Ռուսաստանը վաճառում է դրանք, իսկ ինչ, եթե Երևանը որոշել է խնայել և Մոսկվայից խրտվիլակ է գնել՝ հուսով, որ Ադրբեջանը ոչնչի մասին գլխի չի ընկնի և կանգ կառնի»,- գրում է հեղինակը:

«Սակայն տպավորություն է ստեղծվում, որ իրականում Հայաստանի համար իրավիճակն այժմ ավելի վատ է: Հրթիռներ Սու-30ՍՄ-ների համար Ռուսաստանը, պարզվում է, մատակարարել է ժամանակին: Այդ մասին Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո պաշտոնապես հայտարարել էր ՀՀ ՊՆ-ն: Դեռևս նոյեմբերին նախարարությունը փորձել էր պարզություն մտցնել. «Սուտ են նաև Մովսես Հակոբյանի պնդումներն այն մասին, որ Սու-30ՍՄ-ները հրթիռներ չունեն: Այդ կործանիչները սպառազինություն էին, որը պետք է իրական ռազմական ուժ դառնար: Գործընթացը սկսվել էր նախքան պատերազմն ու ավարտվել է պատերազմի օրերին»: Այդ դեպքում ինչու է վարչապետն այսօր կրկին որոշել ջրի երես հանել ռուսական հրթիռների մասին կեղծ մեղադրանքները»,- հետաքրքրվում է հեղինակը:

Վերջինս հավելել է, որ յուրաքանչյուր անձ, ով հետևում է պատերազմից հետո Երևանում ստեղծված քաղաքական ճգնաժամին, ամեն ինչ առանց այդ էլ հասկանում է. «Փաշինյանը, որին այսօր պատրաստ է մաս-մաս անել այն նույն փողոցը, որը նրան իշխանության է բերել, պատրաստ է պարտության պատճառների և մեղավորների մասին ասել իրեն հարմար ցանկացած անհեթեթություն, միայն թե հարվածի ուղղությունը շեղի իրենից: Իսկ հրթիռներն ու ինքնաթիռները պարզապես Հայաստանի պաշտպանության ընդհանուր տապալման պատկերի դետալներն են միայն»: