Փաշինյանի իշխանության պահապաններն են՝ Թուրքիան, Սորոսն ու կիսագրագետ զանգվածը

Կապիտուլյանտը հրաժարական տալու, դատարանի առաջ կանգնելու փոխարեն՝ պատրաստվում է արտահերթ ընտրությունների:

Բոլոր ուղղություններով՝ անվտանգության և տարածքային ամբողջականության կարևորագույն հարցում ձախողած այս թիմն այնպիսի ինքնավստահությամբ է պատրաստվում ընտրությունների, կարծես ոչինչ էլ չի եղել երկրում:

Պատերազմում պարտված թրքահպատակ իշխանության համար արտահերթ ընտրությունների անցկացման նպատակը ոչ թե երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելն է, ոչ թե Հայաստանը հետպատերազմական կքած վիճակից դուրս բերելն է, այլ սեփական իշխանության վերարտադրության կազմակերպումը:

«Գնանք ընտրության ու լարվածությունը տանենք լցնենք քվեատուփի մեջ»,-հայտարարում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Այսինքն, Փաշինյանի ու իր թիմակիցների նպատակն է՝ ընտրությունների միջոցով հնարավորինս արագ մոռացության տալ այն աղետը, որի մեջ գտնվում է երկիրը, մոռացության տալ Արցախի կորուստը, պատերազմի պարտության ցավը: Վստահաբար կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցկացվող ընտրությունները նոր աղետ են լինելու մեր երկրի համար:

Դեռ երկու շաբաթ առաջ կապիտուլյանտը հայտարարում էր, թե ժողովրդի մոտ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա: Սակայն շաբաթներ անց փոխեց իր կարծիքը, այժմ էլ հակառակն է պնդում, թե՝ կա: Ի՞նչ է ստացվում է՝ 10 օրում հանկարծ ժողովրդի մոտ առաջացավ արտահերթ ընտրությունների հանրային պահա՞նջ: Տրամադրությունների նման փոփոխությունը պայմանավորված է մեկ բանով. իրականում Նիկոլը չէ երկրում ծավալվող գործընթացները որոշողը, սցենարիստներն իր օտարերկրյա տերերն են, իսկ ինքը՝ նրանց ծախու կատարածուն: Հայաստանի իշխանությունն այսօր ամբողջությամբ գտնվում է թուրք- ադրբեջանական տանդեմի ու անգլոսաքսոնական հրահանգիչների վերահսկողության տակ: Հետևաբար կա այն համոզմունքը, որ այս ընտրությունների հրահանգիչը Թուրքիան է՝ իր ֆինանսական աջակցությամբ:

Թուրքիան չի թաքցնում, որ դեմ է Հայաստանում իշխանափոխությանը, չի թաքցնում և բացահայտորեն աջակցում է Փաշինյանին: Հիշենք, Թուրքիայի նախագահի և ԱԳ նախարարի՝ ի պաշտպանություն կապիտուլյանտին արված հայտարարությունները:

Այսպիսով, վստահաբար կարող ենք ասել, որ Փաշինյանին Հայաստանի իշխանության ղեկին պահողը հե՛նց Թուրքիան է: Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանի ձեռքով իրականացվող թուրքական սցենարը ամբողջությամբ ավարտված չէ:

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո, այժմ թուրքի կամակատար Նիկոլից Էրդողանն ու Ալիևը ակնկալում են հետևյալը.

առաջին, Նիկոլը պետք է նաև իր ստորագրությամբ վավերացնի Արցախի հանձնումը Ադրբեջանին՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթի տակ,

երկրորդ, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից,

երրորդ, պետք է ճանաչի հայ-թուրքական սահմանը՝ դրանով վերջնականապես հրաժարվելով Արևմտյան Հայաստանից,

չորրորդ. այս փուլում Թուրքիայի համար ամենից կարևորը Սյունիքի միջանցքը ստանալն է: Ու Նիկոլը պետք է հանձնի Սյունիքի բանալիները Էրդողանին:

Ահա, թե ինչու են թրքահաճո «իմքայլական» ուսապարկերը ցինիկաբար հայտարարում, թե ընտրություններում իշխանությունը հե՛նց Սյունիքում է մեծ հաղթանակ տոնելու… Այդ հաղթանակը կլինի Թուրքիայի հաղթանակը:

Այսպիսով. հօգուտ Փաշինյանի իշխանության պահպանման՝ ակտիվորեն աշխատում են թուրք-ադրբեջանական տանդեմը, սորոսածին կառույցները, և, ցավոք, հայ հասարակության կիսագրագետ զանգվածը։

Արմինե Սիմոնյան