Էրդողանի որոշմամբ Թուրքիան դուրս եկավ Ստամբուլի կոնվենցիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը դուրս բերեց Թուրքիային միջազգային համաձայնագրից՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից», որը նախատեսված է կանանց պաշտպանելու համար։ Այս մասին գրում է Reuters-ը։

Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան, որը բացվել էր անդամ երկրների ստորագրման համար 2011-ին Ստամբուլում,  նպատակ է հռչակել կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումն ու պայքարը։

Կոնվենցիայից դուրս գալու համար ոչ մի պատճառ չի ներկայացվել, բայց Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաները հայտարարել են, որ անցյալ տարի կառավարությունը քննարկում էր դուրս գալը։

«Կանանց իրավունքների երաշխիքը մեր ենթաօրենսդրության, առաջին հերթին՝ մեր Սահմանադրության գործող կանոնակարգերն են: Մեր դատական համակարգը բավականաչափ դինամիկ և ուժեղ է, որպեսզի անհրաժեշտության դեպքում նոր կանոնակարգեր կիրառի», – Twitter-ի իր էջում գրել է ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Զեհրա Զումրութը՝ առանց այդ քայլի համար պատճառաբանություն ներկայացնելու: