Հայտնի է՝ ինչպես և երբ «Գազպրոմը» կսկսի գազ մատակարարել Հայաստանին Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազը երեկվանից Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով։ Այդ երթուղին կգործի մարտի 18-ից մինչև ապրիլի 15-ը և կապված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից՝ պատասխանելով պաշտոնական հարցմանը։

Ընկերությունից ընդգծում են, որ ռուսական գազի մատակարարումն իրականացվում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում:

«Պայմանագրի պայմանների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազ է ընդունում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում։ Այդ հատվածում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավասության մեջ չի մտնում բնական գազի փոխադրման երթուղու պլանավորումը մինչև «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայան»,-ասված է պատասխանում:

Ընկերությունից նշում են, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի տարածքով ռուսական գազի փոխադրման երթուղու փոփոխությունը կապված է վթարավերականգնողական աշխատանքների իրականացման և Հայաստան բնական գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանում բնական գազի պաշարներին, ապա, ըստ հաղորդագրության, դրանք ռազմավարական բնույթ ունեն, օգտագործվում են գազի ստացման և իրացման օրական ու սեզոնային անհավասարությունները կարգավորելու համար, ինչպես նաև վթարների և արտակարգ այլ դեպքերի դեպքում և հաշվարկված չեն նման ծավալներով մատակարարումները ծածկելու համար:

Հիշեցնենք` «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն մարտի 17-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով: Ըստ այդ հաղորդագրության` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով։ Այդ տեղեկության հրապարակման պահին «Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը» (GGTC) տեղեկություն չի ունեցել: Տեղեկությունը լուրջ հասարակական-քաղաքական արձագանք է ստացել: