«Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար

«Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար:

Այս մասին տեղեկացել ենք Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: «Օգնության այս նոր խմբաքանակը ևս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ճգնաժամային աջակցության կենտրոնի» աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետև ցամաքային ճանապարհով փոխադրվել Երևան: Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Օգնության այս խմբաքանակը ներառում է բժշկական պարագաներ, մասնավորապես՝ ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, ինչպես նաեւ հագուստ եւ հիգիենայի պարագաներ:

Ընդհանուր առմամբ, իր հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով Ֆրանիսայում և Շվեյցարիայում գտնվող 19 ընդունման կետերում հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն:

Օգնությունը ստանալու մասին մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում»,- նշված է հայտարարության մեջ։