Մյուս անգամ, երբ ես ելույթ կունենամ, չփորձեք տեղից ռեպլիկներ անել. Թովմասյանը՝ Քոչարյանին (տեսանյութ)

Այսօրվա ԱԺ արտահերթ նիստում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթի ընթացքում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տեղից ինչ-որ մեկնաբանություններ էր արել, ինչը Թովմասյանին վրդովեցրել էր։

«Պարո՛ն Քոչարյան, մյուս անգամ, երբ ես ելույթ կունենամ, հորդորում եմ՝ որևէ անգամ չփորձեք խոչընդոտել կամ տեղից ռեպլիկներ անել, երբ ես խոսում եմ»,- իր ելույթի սկզբում ասաց Թագուհի Թովմասյանը։

Ապա, պատգամավորը անցավ իր բուն ասելիքին, նշելով, որ Սոթքի հանքի շուրջ 300 աշխատակիցներ մնացել են անգործ։

«Մոտ 300 աշխատակից մնացել է անգործ, ու Վարդենիսի և հարակից շրջանների բնակիչների կենսապահովության վրա դա ազդեցություն է ունենալու։ Եվ որևէ երաշխիք չկա, որ այդ 300 աշխատակիցներից բացի՝ այլ մարդիկ ևս գործազուրկ չեն դառնա։ Այնտեղ աշխատում էին մոտ 900 աշխատակիցներ։ Մարդիկ ունեին պլաններ, վերցրել են վարկեր, և իրենց պլաններն ամենևին չէին տեղավորվում այսօրվա սցենարի մեջ, և հիմա մարդիկ ուղղակի անգործ են մնացել»,- նկատեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ խնդիրի մասին ինքը մեկ անգամ էլ էր ԱԺ ամբիոնից բարձրաձայնել, բայց որևէ արձագանք չի ստացել.

«Կարծում եմ, որ պետությունն ու կառավարությունը պարտավոր են երաշխիքներ տալ սահմանամերձ դարձած համայնքների բնակիչներին, որ նրանք հասկանան՝ ինչպես է ապահովվելու իրենց կենսակերպը»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում