Պաշտպանները միջնորդեցին կալանքից ազատել Սերժ Սարգսյանի գույքը. դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ընթանում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսներով գործով դատական նիստը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները գույքը կալանքից ազատելու մասին միջնորդություն ներկայացրին։

«Սույն քրեական գործով ապօրինաբար ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ստացած Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա քննիչը կարող էր կալանք դնել բացառապես այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգրքով  սահմանված քննչական գործողությունների կատարման ճանապարհով հավաքված լիներ նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկած առնվազն երկու ապացույց, որոնցում  առկա լինեին գործի փաստական տվյալներով հիմնաած կոնկրետ և վերաբերելի հանգամանքներ, ինչը բավարար հիմք տար ենթադրելու, որ Սերժ Սարգսյանը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրվման ենթակա գույքը: Իսկ նման ապացույց օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալ չի կարող, քանի որ Սերժ Սարգսյանը ոչ իրավաչափ վարքագիծ չի դրսևորել և չի դրսևորելու:

Քննիչն ու դատախազը գտել են, որ Սերժ Սարգսյանը կարող է անձամբ կամ միջնորդավորված եղանակով թաքցնել, օտարել կամ սպառել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անձը, նրա կենսագրության, անձի ուղու մասին հանրային հայտնի տեղեկությունները, բայց գնահատել են որպես բացասական երևույթ:

Ակնհայտ է, որ քրեական հետապնդման մարմնի ներկայացուցիչները հիմք են ընդունել ոչ թե քրեական գործով հավաքված բավարար ապացույցները, այլ առաջնորդվել են սուբյեկտիվ բնույթ կրող ենթադրություններով»,- ասաց պաշտպան Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի անձի, նրա կենսագրության, անցած ուղու մասին անառարկելի տեղեկությունները նրա սույն, ինչպես նաև այլ քրեական գործերով դրսևորած պատշաճ վարքագիծն առավել քան հաստատում է, որ Սերժ Սարգսյանի  գույքի վրա կալանք դնելու, հետևաբար նրա որոշակի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու անհրաժեշտությունը իսպառ  բացակայել են, չեն եղել  նրա գույքի նկատմամբ կալանք դնելու  օրենքով սահմանված հիմքերից և ոչ մեկը:

Ռուբեն Հակոբյանը միջնորդեց կալանքից ազատել Սերժ Սարգսյանի գույքը, որը կալանքի տակ է քննիչի՝ անհիմն և չպատճառաբանված որոշմամբ:

Դատախազն ասաց, որ այս միջնորդությունը ենթակա է մերժման:

Քննության ավարտից հետո դատավորը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ 13։00, և հեռացավ խորհրդակցական սենյակ: