Պոզները Պուտինին խորհուրդ է տվել անտեսել Բայդենի վիրավորանքները

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղմկահարույց հայտարարությունները ՌԴ նախագահի մասին, գրում է politika.ru-ն։

Լրագրողը, մասնավորապես, նշել է՝ Բայդենը դժվար թե նախօրոք որոշած լիներ Պուտինին «մարդասպան» անվանել։
«Անշուշտ, չէր կարող նախօրոք որոշած լինել, քանի որ ԱՄՆ-ում հարցազրույցից առաջ նախապես չեն տրամադրում հարցերը»,- նշել է լրագրողը:

Միևնույն ժամանակ, Պոզները խոստովանել է, որ իրեն զարմացրել են ԱՄՆ նախագահի խոսքերը, իսկ Պուտինին նա խորհուրդ է տվել պարզապես անտեսել դրանք։ «Պուտինի փոխարեն ես կանտեսեի ԱՄՆ-ի նախագահի խոսքերը»,- ասել է լրագրողը։

Ավելի վաղ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»։ Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, նա պատասխանել էր. «Շուտով կտեսնեք»։
Նա նաև նշել էր, որ լավ է ճանաչում Պուտինին։ Նրա խոսքով՝ «Պուտինը հոգի չունի»։ Հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․«Այո»։
Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան՝ վերջինիս առողջություն էր մաղթել։
«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նշել է նա, անձամբ ծանոթ ենք։ Ես կպատասխանեի նրան՝ առողջ եղեք»,-ասել էր Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա ասում է «առանց հեգնանքի և կատակի»։
ՌԴ նախագահը նաև հավելել էր․ «Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»։