Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացրած Հադրութ, այնտեղ բարձրացրել Ադրբեջանի դրոշը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա եղել է նաև Վարանդայում (Ֆիզուլի)։

Արցախի օկուպացրած տարածքներ Ալիևն այցելել է կնոջ՝ Մեհրիբանի ու դստեր՝ Լեյլայի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ համատեղ ասուլիսում ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր.

«Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»։