«Հայաստան» հիմնադրամում քննարկվել են 2021 թ. Արցախի վերակառուցման ծրագրերը

Սույն թվականի մարտի 15–ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաև Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Քննարկված առաջին հարցի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որից հետո ծավալվեց կառուցողական քննարկում: Այս հարցի վերաբերյալ խորհուրդն ընդունեց հայտարարության տեքստ, որը հանրայնացվել է Խորհրդի նիստի ավարտից հետո:

Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, ինչպես նաև  արցախահայության հրատապ կարիքները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք քայլեր, որոնց նպատակն է Արցախի բնակչության առկա կարիքների բավարարումը և տեղահանվածների սոցիալական ու բնակարանային հարցի լուծումը: Որոշում կայացվեց ծրագրերի առավել մանրամասն նկարագրությունները փոխանցել հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը և մոտ ապագայում հաստատել Արցախի վերաշինման ծրագրային ուղղությունները:

Նիստի ավարտին հոգաբարձուները կրկին շնորհակալություն հայտնեցին ավելի քան 750 հազար նվիրատու անձանց և կազմակերպություններին, որոնք շարունակական նվիրվածությամբ մասնակցում են հանգանակություններին և իրենց մշտական ներդրումն ունեն Հայաստանի և Արցախի զարգացման գործում: