Ստեփան Գրիգորյանը հերքում է Խաչատուրովի մասին իր հորինած կեղտոտ ստերն ու ներողություն խնդրում (տեսանյութ)

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ 2018 թվականի հուլիսի 30-ին ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հայտարարությունների հերքման մասին տեսանյութ։

«Ստեփան Գրիգորյանը հերքում է Յուրի Խաչատուրովի մասին իր հորինած կեղտոտ ստերն ու ներողություն խնդրում գեներալից։ Էս սուբյեկտի մասին, իհարկե, շատ բան էր կարելի գրել, բայց, անկեղծ ասած, տեսանյութը նայեցի ու զզվեցի։ Էսքանին էլ չէր արժանի…

Հիշեցնենք, որ նրան ավելի վաղ արած հայտարարությունները հերքել ստիպել էր դատարանը՝ օրինական ուժի մեջ մտած վճռով»,- տեսանյութին կից գրառում է կատարել քաղաքագետը։

Նշենք, որ ավելի վաղ դատարանը որոշել է. «Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում, «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին»։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը դեռևս 2018թ. օգոստոսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից: