«Հայաստան» համահայկական հիմնադրամի մոտ 50 մլն դոլարի աշխատանքը նվեր է մնացել Ադրբեջանին (տեսանյութ)․Tert.am

Իր 28 տարվա պատմության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 400 միլիոն դոլար նվիրաբերություն է ստացել, որից ավելի քան 200 միլիոնը ներդրվել է Արցախի զարգացման համար՝ ենթակառուցվածքներից մինչև ջրագծեր, բնակարաններ ու դպրոցներ. այս ցուցանիշում հաշվարկված չէ պատերազմի օրերին հավաքված 170 միլիոն դոլարը: Հիմնադրամի ներկայիս ղեկավարությունը հրաժարվեց հարցազրույցի առաջարկից, բայց փոխանցեց տվյալներ, որոնց համաձայն՝ մոտ 50 միլիոն դոլարի կատարված աշխատանքները նվեր են մնացել Ադրբեջանին: Կառույցի նախկին ղեկավարը ցավով է խոսում կորուստների մասին, թվարկում հատկապես մշակութային մայրաքաղաքին կյանք ու շունչ տված ծրագրերը: Դրանք են՝ Շուշիի խմելու ջրի ջրամատակարարման ծրագիրը, ամբողջությամբ վերակառուցված 6 փողոցներ, 600 աշակերտի համար նախատեսված և 800 միլիոն դրամ արժեցած դպրոցը, մշակույթի տունը, գրադարանը:

Բարոյապես ու ֆինանսապես անդառնալի կորուստ է Շուշիում կառուցված՝ տարածաշրջանում եզակի արհեստագործական ուսումնարանը, որը հիմնադրամը կառուցել էր ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի կտակած գումարով. տրամադրվել էր մոտ 3 միլիոն եվրո: Արցախցի փոքրիկներին ջրով, տանիքով ու կենցաղային պայմաններով ապահովելուց բացի՝ Հիմնադրամը նաև նրանց հոգևոր սննդի մասին էր հոգ տանում՝ նվիրելով երաժշտական գործիքներից մինչև համակարգիչներ: Գիտակրթամշակութային ծրագրերի նախկին ղեկավար Արմինա Դարբինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեծ ընտանիքում իր աշխատած 15 տարվա ընթացքում տեսածի ու զգացածի մասին չոր աչքով խոսել չի կարողանում.

«Ամեն մի ծրագիր իմ հոգու մի կտորն է, իմ սրտի մի կտորն է, երբ տեսնում էի այդ երեխաների երջանիկ աչքերը, տեսնում էի, թե ինչ հաճույքով էին հաճախում այդ կառույցները, դա ինձ համար մի կյանք էր, մի ուրախություն և մի գնահատանք էր, որ իմ կյանքը, երևի, իզուր չեմ ապրել, ինչ-որ մի բարի բան արել եմ երեխաների համար»:

1994 թվականի զինադադարի կնքումից հետո աշխարհի տարբեր անկյուններից Սփյուռքն ինտենսիվորեն գումար հավաքեց և ուղարկեց հայրենիք, որպեսզի հայկական 2 պետությունները ոտքի կանգնեն: Արմինա Դարբինյանի խոսքով՝ Հիմնադրամն ապաքաղաքական կառույց էր, որը հայությանը համախմբում էր հանուն մեկ ու նվիրական գաղափարի, բայց վերջին 2,5 տարվա ընթացքում ստվերվեց բարի համբավ, դրա գագաթնակետը եղավ այն ժամանակ, երբ պատերազմի ընթացքում հավաքված գումարի մի մասը փոխանցվեց կառավարությանը, ինչը թե՛ բարեգործության մասին օրենքով, թե՛ Հիմնադրամի կանոնադրությամբ արգելված է:

Հադրութի հիվանդանոցից մինչև Ազոխ, Տումի, Քարին տակ, Մեծ Թաղեր, Մատաղիս, Թալիշ և մի քանի տասնյակ այլ գյուղերում դպրոց ու մանկապարտեզ, մշակույթի կենտրոնից մինչև արևային պանելներով ջեռուցման համակարգ հիմա թշնամին է վայելում:

Արցախի համար իրականացված ամենախոշոր ու թանկ ծրագիրը 115 կմ երկարությամբ ձգվող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն է, որի համար տրամադրվել է 17 միլիարդ դրամ: 2017 թվականից շահագործվող ճանապարհը փաստացի անպիտան դարձավ կապիտուլյացիոն համաձայնագրից հետո, քանի որ դա որևէ տեղ չի տանում՝ մոտ 50 կմ գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ:

Մանրամասները՝ տեսանյութում: