Դանիան թրոմբի առաջացման վտանգի պատճառով կասեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը

Դանիայի իշխանությունները դադարեցրել են AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը՝ պատվաստումներից հետո հնարավոր թրոմբի առաջացման պատճառով, հայտնել են Դանիայի առողջապահության նախարարությունից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դանիայի առողջապահական մարմինը դադարեցնում է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը», – ասված է նախարարության հայտարարությունում:

Նախնական տվյալներով՝ այս պատվաստանյութի օգտագործումը երկրում դադարեցված է երկու շաբաթով:

«Կարևոր է շեշտել, որ մենք ոչ թե հրաժարվում ենք AstraZeneca պատվաստանյութից, այլ դրա կիրառումը ժամանակավորապես կասեցնում ենք: Կան հավաստի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ այս պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ: Բայց մենք պետք է հաշվի առնենք նաև հնարավոր լուրջ կողմնակի ազդեցությունների մասին տեղեկությունները»,- հայտնել են գերատեսչությունից:

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: