Այսօր Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է

Այսօր՝ մարտի 5-ին ծնվել է ռազմական, պետական, քաղաքական գործիչ, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Անգնահատելի է Վիտալի Բալասանյանի մարտական և քաղաքական ավանդը Արցախի պետականաշինության գործում։ Զինվորական որևէ կրթություն չունեցող Վիտալի Բալասանյանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փառահեղ մարտական ուղի է անցել՝ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարից հասնելով մինչև դիվիզիայի հրամանատարի և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին՝ արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման։

Նրա հրամանատարությամբ Ասկերանի գունդը մարտական գործողությունների ժամանակ պաշտպանության բնագիծ ուներ՝ ձախից Խաչեն գետը, ձգվելով մինչև Վազգենաշեն (Ավդալ-Գյուլափլի), որը հարակից էր Աղդամ քաղաքին և շրջանին, իսկ արևմտյան մասից՝ Քաշաթաղի (այն ժամանակ՝ Լաչինի շրջանը), քանի որ Ասկերանի շրջանը հարակից էր Լաչինի և Աղդամի շրջաններին։ Ասկերանի պաշտպանական շրջանի վաշտերի մեծամասնությունը մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրմանը։ Լաչինի շրջանի հյուսիսային գյուղերի ազատագրման մի շարք օպերացիաներ ղեկավարվել է անձամբ Վիտալի Բալասանյանի կողմից։

Գունդը մասնակցել է Մարտակերտի ուղղությամբ մղվող պաշտպանական և հարձակվողական մարտերին։ 1993 թվականի ապրիլին Քարվաճառի ազատագրմանը Մարտակերտում (Դրմբոնում) տեղակայված ընդհանուր շտաբի ղեկավարն է եղել, իսկ Քարվաճառի ուղղության ընդհանուր հրամանատարն էր Մոնթե Մելքոնյանը (Ավոն)։

1994 թվականին, երբ Ադրբեջանը հակագրոհով մտավ Քարվաճառի մի շարք բնակավայրեր, ազատագրման ընդհանուր օպերացիան իրագործվել է Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ։ 1993 թվականի հուլիսին Աղդամի օպերացիայի ընդհանուր հրամանատարն է եղել։ Հուլիսի 23-ին ազատագրվել է Աղդամ քաղաքն իր հարակից բնակավայրերով։

Տարբեր ժամանակներում գնդի մի մասը Բալասանյանի հրամանատարությամբ մասնակցել է Հորադիզի ուղղությամբ պաշտպանողական և հարձակողական մարտերի։ Նշված բոլոր ուղղություններում գունդը գրանցել է մշտական հաջողություններ։

2016 թվականին գեներալը, հավատարիմ մնալով իր կոչմանը ակտիվ մասնակցություն ունեցավ Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ ղեկավարելով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հակագրոհը։

Ադրբեջանը բազմիցս խաղտել է հրադադարի ռեժիմը՝ գործի դնելով դիվերսիոն հետախուզական խմբեր և օգտագործելով տարբեր տրամաչափի զենքեր, այդ թվում նաև հրետանի։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ին վերսկսվեց հարձակողական պատերազմը։

«Ինձ համար պատերազմը չէր ավարտվել: Ես միշտ զգում էի, որ Ադրբեջանը սպասում է հարմար պահի՝ սկսելու հարձակողական պատերազմ»,- պատերազմից հետո անկեղծացել է Վիտալի Բալասանյանը։

Արցախյան կարգավորման հարցի շուրջ Վիտալի Բալասանյանն ունի մոտեցումների մի ամբողջ փաթեթ, որն արտահայտվել է նաև իր նախընտրական ելույթներում, տարբեր տարիների տված հարցազրույցներում։ Նա համարում է, որ Հայաստանի և ԼՂՀ միջև հարկավոր է ռազմավարական դաշինքի ձևավորման մասին միջպետական պայմանագրի ստորագրում՝ որպես ՀՀ կողմից Արցախի Հանրապետության ճանաչման սկզբնական քայլ։ Իր նախընտրական ծրագրում նա նախատեսում էր ՀՀ և ԼՂՀ լիազորությունների և պատասխանատվության ոլորտների հստակ սահմանում՝ կապված Արցախյան հակամարտության հետ։ Բալասանյանը բացառում է նաև որևէ տարածքային զիջում Ադրբեջանին և հանդես գալիս Օմարից մինչև Թալիշ, Թալիշից մինչև Արաքս ընկած գծի հզորացման ու բնակեցման առաջարկներով։

LIVEnews.am կայքի խմբագրակազմը շնորհավորում է գեներալին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ