Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին են. Անդրանիկ Մակարյան

ՀՀ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը հրաժարվեց մեկնաբանել Գլխավոր շտաբի  բարձրաստիճան սպաների հայտարարությունը, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը:

Նշենք, որ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել այդ հայտարարության տակ։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին, թե ինքը չի՞ միացել հայտարարությանը, չի՞ կիսում բարձրաստիճան սպաների մտահոգությունը, նա պատասխանեց. «Առանց որևէ մեկնաբանության»:

Միևնույն ժամանակ նա նշեց. «Հայկական բանակի բոլոր զինվորականները  բանակի մեջ են և նրա կողքին»:

Ա. Մակարյանը չպատասխանեց նաև  լրագրողների մյուս հարցին, թե արդյո՞ք  ԳՇ հայտարարությունը պետական հեղաշրջման փորձ է. «Ես ոչինչ չեմ կարող ասել և մեկնաբանություն չեմ անում: Ոչ մի մեկնաբանություն»: