Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին

Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին:

Ա) Համազգային աղետներ․

  1. Ազգային երազանքի և այդ նպատակին հասնելու ճանապարհի բացակայություն:
  2. Ազգային հավատի և եկեղեցու վիրավորված և հաշմված վիճակ:
  3. Ազգային մշակույթի և ավանդույթների խեղված և անհասկանալի վիճակ:
  4. Արցախի փաստացի կորուստ և անորոշ վիճակ:
  5. Հայոց Մեծ Եղեռնի փաստացի մոռացություն և միայն ձևական, արարողակարգային միջոցառումներով հիշում:
  6. Համազգային բազմաշերտ պառակտվածություն և անտանելի ատելության մթնոլորտի տիրում:

Բ) Պետական գերխնդիրներ․

  1. Պետության ղեկավարը։
  2. Օրենսդիր իշխանությունը:
  3. Գործադիր իշխանությունը:
  4. Դատական իշխանությունը:
  5. Հարկադրանքի մարմինները (ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն):
  6. Զինված ուժերը:

Ինչպես տեսնում ենք, համազգային դաշտում անկարող ենք և անկազմակերպ, պետական կառույցները հիմնականում կամ տապալված են կամ՝ գտնվում են ապազգային ուժերի վերահսկողության տակ ու մատնված են անգործության: Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը՝ մնացել է ՀՀ ԶՈՒ և Հայոց բանակը՝ ի դեմս Գլխավոր շտաբի և Բանակային կորպուսների հրամանատարական կազմի:

Ըստ այդմ, անհրաժեշտ եմ գտնում համակարգված և սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը, այնուհետև՝ ժամանակավոր՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը երաշխավորված՝ լինելու է որպես ժողովրդի կամարտահայտություն։ Արդյունքում ստեղծված կառավարությունն ունակ է լինելու, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, վերակազմավորել հայկական զինված ուժերը՝ տարածաշրջանային և ազգային մարտահրավերներին դիմագրավելու համար»,- գրել է Ղարամյանը։