Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կևորկովը

Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, մանկավարժ Գեորգի Կևորկովը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Գեորգի Կևորկովը  նկարահանել է Հայֆիլմի՝  «Պատահար հուլիսին», «Գիշերվա փայլող կրակ», «Քանի դեռ ապրում ենք», «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Քույրիկը Լոս Անջելեսից» կինոնկարները: Օդեսայի կինոստուդիայում նկարահանել է «Փոքրիկ բանտը», «Ո՞ւմ մասին է հոգում բանտը» ֆիլմերը: Ունի նաև մի շարք վավերագրական և խաղարկային ֆիլմեր։

Գեորգի Կևորկով (Գևորգյանց) ծնվել է 1955 թվականին Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1982 թվականին՝ Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Էլդար Ռյազանովի արվեստանոց)։ 1983 թվականից՝ Հայֆիլմի ռեժիսոր։ 1991-2002 թվականներին դասավանդել է ՀՊՄՀ-ում, 2002 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։