Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է․ լրջանալու պահը կամ Սարդարապատ 2

Այսօր կիրակի է և փորձեմ շատ հակիրճ ամփոփել Հայաստանի թշնամիների արձագանքը մեզ մոտ շարունակվող ճգնաժամին։

Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը մեծ ասուլիս է տալիս, որի ժամանակ մի քանի կարևոր հայտարարություններ է անում։ Դրանցից ամենաէականն այն է, որ փաստացի Ադրբեջանը սպառնում է մեզ՝ կատարելու նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարության պահանջները։ Ինչպես հասկանում եք, Հայաստանը միայն մի կետ չի կատարել՝ Մեղրիի («Նախիջևանի») միջանցքի բացումը (իսկ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել մեր գերիներին)։ Ակնհայտ էր, որ Ի. Ալիևը և թուրք գործընկերները վախենում եմ, որ իշխանափոխության պարագայում Հայաստանը կարող է փոխել Մեղրիի միջանցքի բացման կետը և նոր՝ ոչ պարտվողական դիրքերից հանդես գալ, ուստի Ալիևը դատապարտում է Հայաստանի ներքաղաքական գործընթացները։

Այդ նույն հարցազրույցում նա նշեց, որ Հայաստանին բանակ պետք չէ՝ չմոռանալով հիշեցնել, որ իրենք շարունակում են ուժեղացնել ադրբեջանական բանակը։

Միևնույն ժամանակ Թուրքիա է այցելում Ադրբեջանի վարչապետ Ասադովը, որը Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը հատուկ նշում է, որ Հայաստանին պետք է չթողնել բանակ ունենալ։

Այս հայտարարություններին հետևում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Հայաստանի զինված ուժերի՝ վարչապետի հրաժարականի արդարացի պահանջի քննադատությունը և որպես «ռազմական հեղաշրջում» որակումը։

Բոլոր նշված ելույթներում կարմիր թելի պես անցնում է հետևյալ միտքը (խոսակցան լեզվով ասած). եթե Հայաստանը որևէ ինքնուրույն հավակնություն չներկայացնի տարածաշրջանում և չփորձի խանգարել Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերին, ապա դրա դիմաց Հայաստանին շատ չեն ճնշի։ Սակայն հայերը ոչ բանակ պետք է ունենան, ոչ էլ ինքնուրույն արտաքին քաղաքականություն։

Փաստացի, Հայաստանի ներկա սահմանների հանդեպ անթաքույց հավակնություններ ունեցող և այդ ուղղությամբ հստակ քայլեր անող, բայց միաժամանակ հայկական վերածնվելիք բանակից վախեցող Ադրբեջանին ու Թուրքիային գործով հակադարձելու ճիշտ ժամանակն է։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը։

Փաստացի խորացնում է ճգնաժամը՝ հաշվի չառնելով ՀՀ նախագահի առարկությունները ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ, և, ըստ էության, պատերազմ է հայտարարում հենց սեփական բանակին։

Ընտրությունը մերն է. կամ Հայաստանը կունենա պետություն ու մենք բոլորս կլծվենք այդ սուրբ ու բարդ գործին, կամ մենք մի քանի տարուց կդառնանք այլ պետության քաղաքացի՝ Հայաստանում կամ արտասահմանում։

Այլ խոսքով՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2.0-ն սկսված է։

Թուրքագետ Վարուժան Գեղամյան