ԵՊՀ ևս երկու լսարան անվանակոչվել է պատերազմում զոհված ուսանողների անունով

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2 լսարաններ անվանակոչվել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողներ՝ Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի և Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անուններով:

Մասնավորապես՝ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների կաբինետը (324 լսարան) անվանակոչվել է նույն ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայող Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի անվամբ: Զոհված զինծառայող, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անվամբ է կոչվել համանուն ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի անվան լաբորատորիան (420ա լսարան):

Լսարանների անվանակոչումը նախաձեռնել է ֆակուլտետի դասախոսական անձնակազմն ու աշխատակիցները: Չափազանց հոգատար, ուշադիր, պատվական տղա էր Սուրենը։ Ծնվել է Բերդ քաղաքում։ Պատմեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

«Նրա զոհվելուց հետո երկար ժամանակ աճյունը չէին գտնում: Ուստի՝ դասախոսներով չկարողացանք ժամանակին տեղեկանալ և մասնակցել նրա հուղարկավորությանը: Խոնարհվում եմ նրա ծնողների առաջ: Հպարտ եմ, որ Սուրենի նման ուսանող ենք ունեցել: Նա հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և որպես հայրենիքի զինվորի՝ նրան կարելի է հասկանալ՝ ընթերցելով ու հաղորդակցվելով այդ բանաստեղծությունների հաղորդած զգացողությունների հետ:

Ալեքսանը համակրելի էր, տաղանդաշատ ու խելացի: Մշտապես ասպետական հայացքով ու մեղմ ժպիտով: Ես զարմանում էի նրա հանգստության վրա: Անչափ մեծ էր նրա հոգում նվիրումն ու սերն առ հայրենիք: Մեր ուսանողներ Ալեքսանն ու Սուրենը գնացին իմացյալ մահվան ճանապարհով: Համոզված եմ՝ նրանք չէին մտածում մահվան կամ ապրելու մասին, այլ միայն՝ հաղթելու: Մենք չէինք կարող չիրականացնել լսարանները՝ Սուրենի և Ալեքսանի անուններով անվանակոչելու մտահղացումը: Սա ամենալավ դասախոսությունն ու խոսքն է, որը պետք է դաստիարակի եկող սերնդին: Հակառակ դեպքում բոլոր խոսքերը դատարկ կլինեին:

Մոտ 9 ամիս էր մնացել, որպեսզի զորացրվեր ՊԲ զինծառայող Ալեքսան Սիմոնյանը: Մայրը՝ Գոհար Սիմոնյանը պատմեց, որ բնավորությամբ կենսասեր ու կենսուրախ էր Ալեքսանը: Վերջին անգամ՝ հոկտեմբերի 30-ին, բավականին երկար են խոսել:

«Տրամադրությունը բարձր էր, ինչպես՝ միշտ: Հայտնեց, որ տեղափոխել են Մարտունու Ճարտար քաղաք և որ հարմար դիրքեր են զբաղեցրել: Ասաց՝ առաջնագծում ճարտարցիներն են, որոնք իրենց տունն են պաշտպանում, իսկ իրենք երկրորդ գծում են: Պայքարել են՝ ով ինչպես կարողացել է: Զոհվել է անօդաչուի հարվածի հետևանքով՝պատերազմի սկսվելուց 34 օր անց:

Սուրենի մայրը հուզմունքից դժվարացավ խոսել որդու մասին:

Նրա ուսանողական ընկերոջ՝ Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Արսեն Զաքարյանի ամենատպավորիչ հիշողությունը վերջին զրույցն է ընկերոջ հետ, պատերազմի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին: Այնուհետև Սուրենի հետ կապ չի եղել:

«Վերջում ասաց՝ լավ, դուրս եմ գալիս արդեն: Դու ինձնից լավ գիտես, թե՝ ուր: Ուսանողական կյանքում Սուրենն աչքի էր ընկնում հենց սկզբից: Բացառիկ էր, տարբերվող ու խելացի: Նրա հետ ակտիվ մասնակցում էինք բոլոր ինտելեկտուալ մրցույթներին և անպայման որևէ պատվավոր հորիզոնական զբաղեցնում: Նաև բանաստեղծություններ էր գրում՝ մեծամասամբ հայրենասիրական թեմայով: Նաև ասմունքում էր, որոնց մի մասը ձայնագրել էր»,-պատմեց զոհված զինվորի ընկերը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի՝ զոհված զինծառայողների անունը կրող 2 լսարաններում ստեղծվել են նաև անկյուններ, որտեղ իրենց մշտական տեղն ունեն Սուրենի ու Ալեքսանի մեծադիր լուսանկարները, անձնական իրերը, ուսանողական ու զինվորական, բանաստեղծական տետրեր ու օրագրեր:

ԵՊՀ 2-րդ մասնաշենքի` 3-րդ և 4-րդ հարկերում տեղակայված լսարաններում, զոհված զինծառայողների անունով լսարանների անվանակոչման արարողությանը ներկա էին՝ ծնողները, հարազատները, դասախոսներն ու ուսանողական ընկերներ: