«Կորոնաանձնագրերը» թույլ կտան Հունաստան մուտք գործել առանց կորոնավիրուսային թեստի կամ կարանտինային սահմանափակումների. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել ամերիկյան Bloomberg ամսագրին՝ համոզմունք հայտնելով, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրի շնորհիվ մինչև ապրիլ համաճարակային իրավիճակն ավելի լավ կլինի, հայտնում է Greek City Times–ը։

Նա նշել է, որ Հունաստանը համավարակը վերահսկելու հարցում ավելի լավ է դրսևորել, քան մյուս երկրները, և լավատեսությամբ է խոսել Հունաստանում ամառային հանգստի կազմակերպման հնարավորության մասին։

Վարչապետը ևս մեկ անգամ կրկնել է «կորոնաանձնագրերի» վերաբերյալ իր առաջարկը, որով շահագրգռված են ԵՄ անդամ մի շարք երկրներ, և այդ մասին վերջնական եվրոպական համաձայնության գալու հույս է հայտնել: Հայտնի է, որ տվյալ անձնագրերը տրամադրվելու են պատվաստում ստացած անձանց:

««Կորոնաանձնագրերը»  ձեզ թույլ կտան մուտք գործել Հունաստան՝ առանց կորոնավիրուսի բացասական արդյունքով թեստ ցույց տալու կամ կարանտինային սահմանափակումներ անցնելու: Եվ մենք մտադիր ենք շարունակել նույն համատեքստում, որում սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել Իսրայելի հետ, ինչը նպատակ ունի նպաստել Իսրայելից Հունաստան ճանապարհորդության դյուրացմանը», – ասել է նա:

Պատասխանելով առկա սահմանափակումների մասին հարցին՝ վարչապետ Միցոտակիսն ասել է, որ դրանք հաստատ վերջինն են լինելու։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրողների գործունեությանը, Միցոտակիսն ընդգծել է, որ երկիրը վերականգնել է արտերկրում ունեցած իր վստահությունը: Ապացույցն էլ Հունաստանի` ցածր տոկոսադրույքներով փոխառություն վերցնելու ունակություննը և Արժույթի միջազգային հիմնադրամին իր պարտքի մեծ մասը վաղաժամկետ մարելու հաստատումն է, որն ընդհանուր 5,1 միլիարդ եվրոյից 3,3 միլիարդն է:

Անդրադառնալով Թուրքիային՝ Միցոտակիսը նշել է, որ 2020 թվականը դժվար տարի էր, սակայն հարաբերություններում որոշ բարելավումներ եղել են. «Ելնելով աշխարհագրությունից՝ մենք միշտ հարևաններ կլինենք Թուրքիայի հետ: Լավ հարաբերությունների բազմաթիվ ժամանակաշրջաններ են եղել, չնայած որոշ հարցեր իրենց լուծումները չեն ստացել»,- ասել է Հունաստանի վարչապետը։

Նա շեշտել է, որ Հունաստանը շարունակում է ամրապնդել իր դաշինքները միջազգային իրավունքը հարգող երկրների հետ, և ապացուցել, որ ծովային գոտիներում առկա տարաձայնությունները կարող են լուծվել խաղաղ ճանապարհով, ինչպես դա եղել է Իտալիայի և Եգիպտոսի հետ երկկողմ համաձայնագրերում: