Դատարանը քննում է ՀՀ դատախազության և ՀՔԾ անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննությունը:

2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:

Փաստաբանները, իրավաբանները հավաքվել են դատարանում՝ նիստին հետևելու համար։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաղորդման մեջ նկարագրված են բոլոր այն իրադարձությունները, որոնք եղել են մինչ պատերազմը, օրինակ Փաշինյանի հայտարարությունը, այդ թվում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմի ընթացքում իր որոշ գործողություններ, օրինակ, երբ պահեստազորում գտնվող որոշակի տարիքի զինծառայողների մասին տվյալներ է հրապարակում։

«Մենք բոլոր փաստերն առաջարկել ենք դիտարկել այն անկյան տակ, որ միգուցե այստեղ եղել է պետական դավաճանություն։

Մենք, իհարկե, անմեղության կանխավարկածը չենք խախտում, ասում ենք՝ կա այսպիսի հիմնավոր կասկած, խնդրում ենք հարուցել քրեական գործ և ստուգել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը։

Ըստ նրա, սա նաև իշխանությանն է պետք, եթե, իրոք, դավաճանության հետ կապ չունեն, իսկ եթե ունեն, ձախողումը իրենց փնթիության արդյունք է, իրենք պետք է շահագրգռված լինեն օր առաջ գործ հարուցվի, ստուգվի, հրապարակայնորեն ներկայացվի, որպեսզի հանրությունն այս մի կասկածը հանի իր մեջից։

«Հակառակ դեպքում ավելի է խորանում մեր կասկածները, մտածում ենք՝ ուրեմն վախենալու բան ունեն, չեն ուզում գործ հարուցվի և ստուգվի»,- նշեց Փաստաբանների պալատի նախագահը։