Իրանը Ռուսաստանի հետ զորավարժություններով հստակ ուղերձ է հղում իր թշնամիներին. փոխծովակալ

Ռուսաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները Չինաստանի մասնակցությամբ «հստակ ազդանշան» են Իսլամական Հանրապետության թշնամիներին և ցույց են տալիս նրա զինված ուժերի հզորությունը: Այս մասին փետրվարի 14-ին ասել է Իրանի բանակի համակարգողի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլահ Սայարին: «Երբ ռուսական հզոր նավատորմը զորավարժություններ է անցկացնում Իսլամական Հանրապետության բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ, դա հստակ ազդանշան է»,- նշել է իրանցի հրամանատարը, հաղորդում է Mehr գործակալությունը: «Իրանի ռազմածովային ուժերը գտնվում են համաշխարհային ռազմածովային ուժերի մակարդակում` տեխնիկայի, մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի և մարտավարության, հրամանատարության և կառավարման, կապի և դրա արդիականացման հնարավորությունների տեսանկյունից», -նշել է փոխծովակալը:

Սայարիի խոսքով՝ երեք երկրների համատեղ զորավարժություններն ուղղված են Հնդկական օվկիանոսի հյուսիսում անվտանգության ապահովմանը:

«Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին օրերից (1979 թ.) մեր երկիրը բախվել է բազմաթիվ սպառնալիքների, և թշնամիներն այդ կապակցությամբ տարբեր ծրագրեր են առաջ քաշել, որոնք բոլորն էլ ձախողվել են»,- ավելացրել է փոխծովակալը:

Իրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ճաղարյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ռուս-իրանա-չինական ռազմածովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կանցկացվեն փետրվարի կեսերին, հիշեցնում է Mehr գործակալությունը:

Ինչպես հայտնում է EADaily- ն, 2019-ի վերջին Հնդկական օվկիանոսում անցկացվել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավատորմի զորավարժությունները «Ծովային անվտանգության գոտի» անվան տակ, որից հետո Իսլամական Հանրապետության զինվորականները համոզմունք են հայտնել, որ զորավարժությունները տեղի են ունենալու կանոնավոր կերպով: