Սոցիալական երջանկությունից խոսողները 2019 թվականին արձանագրեցին աղքատության 3 տոկոսային կետի աճ. տնտեսագետ

Այսօրվա իշխանությունն անդաստիարակ ծրագրով եկավ իշխանության, նրանց ծրագրերում ոչ մի չափելիություն չկար և հենց այդ ժամանակից էր պարզ, որ մենք ունենալու ենք անպատասխանատվության մաքսիմում շրջանակ, որը բերելու է հանրային խնդիրների: Խոստացել էին երջանկություն, որ սոցիալական խնդիրները կլուծեն, աղքատությունը կկրճատեն ու երջանկություն կբերեն. ակնհայտ երևում է, թե այդ երջանկությունը հայից գողացել և ում են տվել:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով պատերազմից հետո երկրի տնտեսական անկայուն վիճակի և սպասվող լրջագույն խնդիրների մասին:

Տնտեսագետը նշեց, որ հեղափոխությունից հետո արդեն արձանագրվում էին ցուցանիշներ, որոնք ոչ միայն չէին համապատասխանում իրենց խոստացածին, այլև էապես ցածր էին նախորդ տարիների համեմատ: «Սոցիալական երջանկությունից խոսողները 2019 թվականին արձանագրեցին աղքատության 3 տոկոսային կետի աճ: 2020 թվականի թվերը դեռ չկան, բայց մենք տեսնելու ենք 30 տոկոսին մոտ աղքատություն և արձանագրելու ենք, որ նրանց իշխանության օրոք ամեն 4-ից 3-ն աղքատ են»:

Ավետիսյանը արձանագրեց, որ արտաքին պարտքը դրամային արտահայտությամբ ավելացել է 22 տոկոսով և նման տեմպերով, եթե այս իշխանությունն ամփոփի նույնիսկ 2021 թվականը, ապա Հայաստանը  ՀՆԱ-ին համարժեք արտաքին պարտք կունենա: «Կարճ ասած՝ ձախողում են, կարճ ասած՝ չեն աշխատում: Մեր երկրում պարենային անվտանգության հարց է առաջանում, որովհետև աննախադեպ գնաճ կա, մարդկանց եկամուտները չեն աճում»:

Պատերազմից հետո կրած բոլոր վնասների՝ տնտեսական, սոցիալական, տարածքային և այլ վնասների մասին Ավետիսյանը նշեց, որ այսօր դժվար է ամբողջովին հաշվարկել, քանի որ այդ ամենը պետք է անեին ԱՀ-ի և ՀՀ-ի կառավարությունները, սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ պատերազմից երեք ամիս հետո ո՛չ  մեկը, ո՛չ մյուսը չունեն իրավիճակի գնահատականը, որը պետք է լիներ առաջնային:

«Այդ գնահատման հիման վրա պետք է թիրախավորվեին նրանց ծրագրերը, այսինքն, որ ուղղությամբ, ինչ կորուստներ ենք ունեցել: Դրանք պետք է նաև միջազգային հանրությանը ցույց տալ: Հիմա ինչ-որ ծրագրեր են իրականացնում, որոնք պարզապես պոպուլիստական քայլեր են, իրենք չգիտեն նույնիսկ, թե ինչի վրա պետք է կենտրոնացնեն ռեսուրսները»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ պատերազմից հետո ավելացել են օբյեկտիվ ծախսերը՝ աջակցություն վիրավորներին, զոհվածների ընտանիքներին, իրենց տունը կորցրած մարդկանց, սակայն բոլորի խնդիրները չեն լուծվելու ինչ-որ պասիվ ծրագրերով, որոնք իրականացվում են 68 հազար դրամ կամ ավելի կազմող աջակցություններով: