Համոզված եմ՝ լինելու է ընդվզման երկրորդ, ավելի հուժկու, համաժողովրդական ալիք. Էդուարդ Շարմազանով

«Հայաստանում այսօր ոչ իշխանություն կա, ոչ առավել ևս վարչապետ: Այսօր կա մարդ, խունտա, որը սպասարկում է  թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»,- ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, այդ մարդն իր ապաշնորհ, դավաճանական թիմով ապացուցել է, որ ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովորդի անվտանգությունը, այլև Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը:

«Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր քաղաքացիները, ժողովուրդը գիտակցեն, որ ամեն վայրկյան այս էակի մնալն  իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար»,- հարցադրում արեց ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն անգամ պատերազմի ավարտից հետո չի կարողացել ապահովել խաղաղություն, նոյեմբերի 9-ից հետո Արցախը տարածքային կորուստներ է ունեցել, պատերազմից հետո Հայաստանը Սոթքի մի հատվածն է տվել Ադրբեջանին, Սյունիքից տարածքներ են տալիս թշնամուն:

«Այս հողատուն եկել է  մի բանի համար, որ ազատվի Արցախյան հաղթանակի ժառանգությունից։ Նրանց համար Արցախը բեռ է, հայկական աշխարհն է բեռ: Իրենք ի կատար են ածել Թուրքիայի պանթուրքիստական հարյուրամյա նպատակը՝ Մեղրիով, Սյունիքով ճանապարհ տալով թուրքին», – ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ ժողովրդի մեջքը կոտրված է, շատերն ուզում են արտագաղթել, բայց հայրենիքը շենացնելու, Շուշին հայկական դարձնելու նպատակի առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը։

«Համոզված եմ՝ լինելու է ընդվզման երկրորդ, ավելի հուժկու, համաժողովրդական ալիք, որովհետև այս իշխանությունն այլ տարբերակ հանրությանը չի թողել», – ասաց նա։