Ես չգիտեմ՝ իմ տղան զոհվա՞ծ է, կորա՞ծ է, թե գերի է, թող պատասխան տան. անհետ կորած զինծառայողի հայր

Եթե տղաս զոհված է, տվեք ոսկորները, տանեմ հողին հանձնեմ, եթե գերիների մեջ է, գոնե իմանանք։ Այս մասին անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհետ կորած զինծառայողի հայր Արտավազդ Խաչատրյանը։

Նա նշեց, թե որդին եղել է Ֆիզուլու տարածքում, որտեղից հոկտեմբերի 25-ին 7 հոգի են փրկվել․ «Մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան, վիրավորներին գտել եմ, 7 փրկվածներին էլ եմ գտել, խոսել եմ իրենց հետ։ Զոհվածների ծնողներին էլ եմ գտել, զրուցել, որդուս գտնել չեմ կարողանում։ Մեկը տեսել է, որ տղաս մահացել է, բայց ոչ հավանական է, մնացածն ասում են՝ չգիտեն։ Նոյեմբերի 20-ին Կարմիր խաչը ռուս խաղաղապահների հետ հանել է աճյունները, 26 օր հետո են հանել աճյունները, անճանաչելի են եղել, հնարավոր է՝ իմ տղան էլ իրենց մեջ լինի։ 36 հոգի տեղափոխել են Գորիս, այնտեղից ցրել են տարբեր դիահերձարաններ։ Երեք օրում բոլոր դիահերձարաններում շրջել եմ, սարսափ ֆիլմերում նման բաներ չեք կարող տեսնել»,- ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։

Նա նշեց, որ պատասխան է ակնկալում պատկան մարմիններից, սակայն մինչ օրս որևէ պատասխան չկա։ «Ես չգիտեմ՝ իմ տղան զոհվա՞ծ է, կորա՞ծ է, թե՞ գերի է, թող պատասխան տան։ Ես իրենց փողը չեմ ուզում, ոչ էլ դիմել եմ, որ ստանամ։ Ես էլ եմ մասնակցել առաջին պատերազմին, առաջին պատերազմին էլ եմ կորցրել, երկրորդին էլ, այս պատերազմին էլ կորցրել եմ տղայիս, ընկերներիս, նրանց տղաներին։ Ես հարց եմ տալիս՝ եթե նախկին ու ներկա կառավարության անդամների որդիները զոհված լինեին, քանի ժամվա ընթացքում իրենց անձնական ինքնաթիռով ԴՆԹ կանեին, կբերեին։ Բայց իրենց տղերքը չեն կարող զոհվել, իրենց տղերքը կարող են կազինոներում «կայֆավատ» լինել, մեր նմանների էրեխեքը կարող են զոհվել»,-ասաց նա։

Արտավազդ Խաչատրյանը նշեց՝ կորցնելու ոչինչ չունի, պայքարելու է որդուն գտնելու համար․ «Տարան մատաղի տվեցին մեր էրեխեքին, մեր ընկերներին։ Ես կորցնելու բան չունեմ, շատ եմ կորցրել։ Տղայիս չեմ կարողանում գտնել, բերել եմ հասցրել Գորիս, երկրորդ անգամ կորցրել եմ։ 26 օր թուրքի հողում մնաց, 3 ամիս է՝ Հայաստանում եմ կորցրել, ով պիտի պատասխան տա։ Ինձ նման հազարավոր մարդիկ կան։ Ասել են՝ հիմա բյուջեից ԴՆԹ սարք գնելու պա՞հն է, որ գնում ենք, բա ո՞ր պահն է»,- ասաց Արտավազդ Խաչատրյանը։