Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին

Փետրվարի 4-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից` դրանք զիջելով ադրբեջանցիներին։

Այս մասին Sputnik Արմենիային ասաց համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը` նշելով, որ այդ դիրքերում արդեն տեղակայվել են ադրբեջանցիները։

Գյուղապետի խոսքով` Ներքին Խնձորեսկի գյուղատնտեսական հողերն ու տները մոտակա դիրքերից այժմ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։

Նշենք, որ ավելի վաղ համայնքի ղեկավարը Ֆեյսբուքյան էջում հերքել էր՝ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ գյուղի տարածքը զավթվել է ադրբեջանցիների կողմից։