Եթե 1 քառ. մետր էլ օգտագործվի առանց մեր հսկողության, դա մեզ համար կլինի մեր սուվերենության վերջը. Մեղրիի քաղաքապետ

Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր համայնքում գյուղացիները այլևս չեն կարողանալու գյուղատնտեսությամբ զբաղվել, քանի  որ գյուղատնտեսական նշանակության հողերը գտնվում են թշնամու նշանառության ներքո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

«Արոտավայրերն էլ, մշակովի տարածություններն էլ արդեն վտանգավոր են դարձել, քանի որ հստակ սահմանազատում չկա: Այս վերջերս ձիեր էին անցել ու կորել էին, նույն հաջողությամբ կարող են խոշոր ու մանր եղջերավոր անաասուններ անցնեն ու կորեն: Գյուղում հիմանկանում ապրում են Արցախի Գետաշեն գյուղից բռնագաղթածներ և իրենց տոկունությունը հաշվի առնելով հույս ունենք, որ չի լինի արտագաղթ, մենք էլ աշխատում ենք մարդկանց զբաղվածությամբ ապահովել, որպեսզի արտագաղթ չլինի, քանի որ շատ կարևոր է, ստրատեգիական տարածք է գյուղը»,-ասաց նա:

Մեղրիի տարածաշրջանում ապագայում կառուցվելիք երկաթգծին անդրադառնալով Մեղրիի քաղաքապետը նշեց, որ այս հարցով դեռ հստակություն չկա, սակայն շատ կարևոր է, որ երկաթգիծը լինի մեր հսկողության ներքո, կամ գոնե  անվտանգությունը ապահովեն ռուս սահմանապահները:

«Եթե մեր հանրապետության տարածքով ճանապարհ է տրամադրվում, միայն մի ընթացակարգ կա, որն կարող է նորմալ համարվել` պահպանելով ՀՀ օրենսդրություն ու ընթացակարգերը: Եթե այդպես չլինի, և մեր տարածքում թեկուզ մեկ քառակուսի մետր օգտագործվի առանց մեր հսկողության, դա մեզ համար կլինի մեր սուվերենության վերջը կամ առաջին քայլը կլինի մեր անկախության կորստի»,-ասաց նա: