Յուլիա Նավալնայան ազատ է արձակվել՝ դատարան նեկայանալու պարտավորությամբ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, որին այսօր ավելի վաղ ձերբակալել էին Մոսկվայում ընթացող չարտոնագրված ցույցի ժամանակ, ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Յուլիա Նավալնայայի փաստաբան Սվետլանա Դավիդովային, վերջինիս բաց են թողել դատարան ներկայանալու պարտավորվածությամբ: Նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ «Հանրահավաքի, ցույցի, երթի անցկացման կամ կազմակերպման կարգի խախտման» մասին հոդվածով: Դատական նիստը կկայանա վաղը՝ տեղի ժամանակով 10:00-ին:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում և ՌԴ մի շարք այլ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել՝ հաջակցություն կալանքի տակ գտնվող Նավալնիի: Վերջինիս ձերբակալել են հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանում՝ Բեռլինից ժամանելուն պես: