Շուշիում «Գորշ գայլերի» դպրո՞ց կկառուցվի

Թուրքիայում աջակողմյան ուժ և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնագրավված Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց։  Panorama.am-ի տեղեկացմամբ, այս մասին գրում է ադրբեջանական toplum․tv-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Բահչելին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրականորեն են արձագանքել Շուշիում ազգայնական դպրոց կառուցելու իր առաջարկին:

«Ինչպես ես ասացի հունվարի 16-ին, եթե նախագահը համաձայնի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնի, ես Շուշիում «Գորշ գայլերի» (Ulkucu Hearths)  9-ամյա դպրոց կառուցելու ծրագիր ունեի: Ես ասացի, որ դպրոցի հիմքը դրվելու է հունվարին: Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը համարվել է տեղին: Պարոն Նախագահ, ես շնորհակալ եմ»,- ասել է Բահչելին:

Եվ սա այն դեպքում, երբ ծայրահեղական գաղափարախոսության, հայերի նկատմամբ բռնությունների ու ատելության հիմքով վերջերս Ֆրանսիան արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրում։ Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու մասին առաջարկը:

Վերջին շրջանում Եվրոպայում «Գորշ գայլերի» հետևորդները վանդալիզմի են ենթարկում հայկական հուշարձանները, սպառնալիքներ գրում նրանց տների դիմաց։