Կրեմլը բացահայտել է Պուտինի ու Բայդենի զրույցի մանրամասները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի շփման մասին:

Երեքշաբթի Ռուսաստանի առաջնորդը զանգահարել է իր ամերիկացի գործընկերոջը և շնորհավորել նրան նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով:

«Զրույցը եղել է աշխատանքային և անկեղծ: Ավելին, եթե հիշում եք, Բայդենն ու Պուտինը հանդիպել էին 2011 թ. Մոսկվայում, և դեռ այդ ժամանակ նրանք պայմանավորվել էին միմյանց հետ խոսել բավականին անկեղծորեն: Իսկ զրույցի տևողությունը 35 րոպեից ավելի էր»,- հաղորդել է Պեսկովը:

Պետությունների ղեկավարները քննարկել են արդիական հարցեր, որոնց հիմնական մասը նվիրված էր հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ( ՌՀՍՊ-3) երկարաձգմանը: Կողմերը պայմանավորվել են դա անել առաջնահերթության սկզբունքով: Համապատասխան օրինագիծն արդեն ներկայացվել է Պետդումա:

Նախագահներն անդրադարձել են նաև ուկրաինական թեմային և Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակին: Պուտինը պարզաբանել է ԱՄՆ առաջնորդին Մոսկվայի դիրքորոշումը այս հարցերի վերաբերյալ:

Պեսկովն ասել է, որ դեռ վաղ է խոսել հարաբերությունների լիցքաթափման մասին, քանի որ դրա նախադրյալները չկան: «Բավական է, որ նախագահները երեկ անդրադարձել են լուրջ տարաձայնություններին, այնուհանդերձ շեշտել են երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը»,- հավելել է նա:

Կողմերը դեռ չեն քննարկել հանդիպման հնարավորությունը: