Գյումրիում ավտովթարից ռուս զինծառայող է զոհվել

Գյումրիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»,  այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Գյումրու կայազորի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում Գյումրի քաղաքի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով՝ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ»,-նշել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 23-ին, ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը կորցրել է իր անձնական մեքենայի կառավարումը և բախվել է չնախատեսված վայրում կայանված բեռնատարին:

«Վթարի հետևանքով ավտոմեքենան այրվել է: Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,- ասել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: