ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դադարել է այդպիսին լինել

Ամոթ է, խայտառակություն և ամենակարևորը` խիստ վտանգավոր, բայց դա, ցավոք, փաստ է

 

ԱԱԾ-ն` երբեմնի պատկառելի, հարգարժան, թեև ոչ անթերի աշխատող, բայց մեր ազգային անվտանգության ապահովման հարցում անուրանալի ավանդ ունեցող այս կառույցն այժմ հիմնականում վերածվել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի (ում կողմից պետական դավաճանության փաստերի պակաս չկա) և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովող պահնորդական խմբի, որը մեկ-մեկ աչքի է ընկնում նաև ընդդիմադիր գործիչներին հաթաթաներ տալով, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ նախաձեռնելով, ինչպես նաև իրեն առնչվող խայտառակ սկանդալներով, որոնք հաջորդում են մեկը մյուսին:

Վերջին սկանդալը կապված է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հետ:

Ինչպես արդեն հայտնի է, Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հունվարի 16-ին հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսանյութում  հայտարարել է Հայաստանի Հանրապետության թիվ 2 պաշտոնյա Արարատ Միրզոյանի` Թուրքիայի հատուկ ծառայությունների և ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու մասին: Մինասյանը ցուցադրել է նաև Արարատ Միրզոյանի` ԱԱԾ գործակալ դառնալու համաձայնագիրը` տրված տարիներ առաջ, ապա հրապարակել  ու հանրայնացրել այն:

Եթե Մինասյանի հրապարակած տեղեկությունները ճիշտ են, ապա պարզ է, որ նա, ամենից զատ, բարոյապես ոչնչացրել է Արարատ Միրզոյանին, եթե, իհարկե, այդ առումով ոչնչացնելու ինչ-որ մի բան դեռ մնացել էր:

Նույն օրը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր կայքում հրապարակելով հետևյալ հաղորդագրությունը, շտապեց հանդես գալ «հերքմամբ»` իրեն դնելով, մեղմ ասած, անհեթեթ ու ծիծաղելի վիճակում, մինչդեռ եթե մի փոքր խոհեմ լիներ, պետք է գոնե լռեր:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշված է վերոնշյալ հաղորդագրության մեջ:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին մնում է ասել` «Դասիս ֆանտաստիշ»… Պարզվում է, մենք աշխարհի ամենահզոր, ամենակարող, ամենաբանիմաց հատուկ ծառայությունն ունենք, որն իր այդ հատկանիշներով գերազանցում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը, ԱՄՆ-ի ԿՀՎ-ին, Իսրայելի «Մոսադ»-ին, MI 5-ին ու MI 6-ին, չէ՜, ոչ թե պարզապես գերազանցում է նրանց, այլ նրանց բոլորին, միասին վերցված, ծալած ունի, իր բոլոր աշխատողներն էլ` շարքայինից մինչև գնդապետ Արմեն Աբազյան, ջեյմս բոնդեր ու սուպերջեյմս բոնդեր են:

Բնականաբար, հարց է առաջանում` ԱԱԾ-ին այդ ինչպե՞ս հաջողվեց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում պարզել և հայտարարել, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ չի եղել կամ չէ: Չէ՞ որ դրա համար երկարատև, բարդ ու տքնաջան աշխատանք էր պահանջվում, որն ԱԱԾ-ն մի քանի ժամվա ընթացքում օպերատիվ և այլ աշխատանքների առումով պարզապես չէր կարող անել:

Եթե ԱԱԾ այդ «հերքումը» լիներ Միքայել Մինասյանի հայտարարությունից, ասենք, մեկ ամիս կամ գոնե մեկ շաբաթ հետո, կարող է մի կերպ «ուտվեր», բայց երբ այն հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ հետո հրապարակվեց, վկայեց, որ կա Մինասյանի հայտարարությունը հապշտապ և ամեն կերպ, ամեն գնով հերքելու քաղաքական պատվեր: Մեր երկրի իրավապահ համակարգում անլրջությունն արդեն այն աստիճանի է հասել, որ ԱԱԾ-ն կարող է հայտարարել, թե իրենք զանգել են Արարատ Միրզոյանին, հարցրել` պարոն Միրզոյան, դուք հո Թուրքիայի գործակալը չե՞ք եղել, գործակալը չե՞ք, նա էլ պատասխանել է` ոչ, մամայի արևով երդվել, իրենք դա հիմք ընդունելով, անմիջապես հերքել են Մինասյանի ասածը:

Ընդգծեմ, որ եթե առաջիկայում նույնիսկ քրեական գործ հարուցվի ու նախաքննություն իրականացվի, ԱԱԾ վերոնշյալ և ակնհայտորեն կանխակալ հայտարարությունն արդեն իսկ կասկածի տակ է դնելու, արժանահավատությունից զրկելու է այդ նախաքննության այնպիսի արդյունքը, որով փորձ կարվի հերքել Արարատ Միրզոյանի` Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ Միքայել Մինասյանի հրապարակած տեղեկությունը:

Հասկանալի է, որ եթե Արարատ Միրզոյանի` ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունը 100 տոկոսով էլ ճշմարիտ լինի, ԱԱԾ-ն չէր կարող ու չի կարող խոստովանել դա, քանի որ իր նախաձեռնությամբ իր ցանկացած գործակալի բացահայտումը կնշանակի կորցնել մյուս բոլոր գործակալների վստահությունն ու նրանց հետ համագործակցությունը, գործակալական ցանցը, այսինքն` խաչ քաշել օպերատիվ-հետախուզական աշխատանքի մի շատ կարևոր մասի վրա:

Եվ երկրորդ` ԱԱԾ-ն չէր կարող ու չի կարող խոստովանել, իր նախաձեռնությամբ բացահայտել Արարատ Միրզոյանի` ԱԱԾ գործակալ լինելը, որովհետև խոսքը տվյալ դեպքում հանրապետության թիվ 2 պաշտոնյայի մասին է: Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, այն սկանդալը, որը կհաջորդի այդ խոստովանությանը… Այլ կերպ ասած, ոչ միայն չափազանց զարմանալի, այլև ԱԱԾ շահերին ու սկզբունքներին դեմ կլիներ, եթե հիշյալ ծառայությունը հայտարարեր, որ Արարատ Միրզոյանն, այո, ԱԱԾ գործակալ է կամ ԱԱԾ գործակալ է եղել, հետևաբար ԱԱԾ-ին մնում էր երկու տարբերակ` լռել կամ հերքել, և ԱԱԾ-ն ընտրեց երկրորդը: Եվ այնուհանդերձ…

ԱԱԾ-ն արդեն անուղղակիորեն ընդունել է Արարատ Միրզոյանի` ԱԱԾ գործակալ եղած լինելու կամ այժմ էլ հանդիսանալու հանգամանքը, քանի որ առ այս պահը չի հերքել Pastinfo.am-ի և մի շարք այլ ԶԼՄ-ների կողմից դեռ ս. թ. հունվարի 18-ին հրապարակված տեղեկատվությունն  այն մասին, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել ու կատարվում՝ պարզելու տեղեկատվության արտահոսքի աղբյուրը, «Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ ծավալի ինֆորմացիայի արտահոսքի մասին է խոսքը»:

Հավելենք, որ խոսքը ԱԱԾ-ին Արարատ Միրզոյանի տված համաձայնագրի կամ դրա պատճենի, ինչպես նաև, այսպես ասած, աշխատանքային կամ բանվորական թղթածրարում եղած փաստաթղթերի արտահոսքի աղբյուրը պարզելու մասին է:

Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմել է ԱԱԾ լրատվական ծառայություն, որտեղից չեն հերքել կամ ժխտել վերոնշյալի առնչությամբ ԱԱԾ-ում ծառայողական քննության վերաբերյալ հիշյալ տեղեկությունը, ընդամենը նշել են, թե «հունվարի 16-ին տարածված հայտարարությանն ավելացնելու բան չունեն, ապա առաջարկել դիմել դատախազություն՝ Մ. Մինասյանի հնչեցրած տեղեկությունները քննության առարկա դառնալու վերաբերյալ պարզաբանումների համար»։

Հավելենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումներն արդեն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս և ոչ միայն այս մասին` առաջիկա մեկ այլ հրապարակմամբ:

 

Արթուր Հովհաննիսյան