Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը. այն գլխավորում է «Գրանդ Տոբակոն»

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-դեկտեմբերի ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների  և նրանց կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը: Հազար խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2020-ին կազմել են 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 45 մլրդ 548 մլն 610 հազար  դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ մուտքերով:

Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդը»՝ 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ մուտքերով:

Խոշոր հարկատուների տասնյակում են «ՍիՓիԷս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիան», «Ջեյ Թի Այ Արմենիան»: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Արմենիան»՝  13 մլրդ 14 մլն 380 հազար դրամ մուտքերով:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ:  Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ: