Ինչու թուրք դիվանագետների կյանքը մի շաբաթով երկարեց

Գրող, Ժամանակակից գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 20-ին ԱՍԱԼԱ-ի ստեղծման 46-րդ տարեդարձն է: Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունն է: Մտածում եք՝ ինչ կապ կա այս իրադարձությունների միջև՞: Կապ չկա, բայց կա մի շատ հետաքրքիր իրողություն: 1933 թվականին ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուց հետո նորընտիր նախագահների երդմնակալության արարողությունները տեղի են ունենում ընտրվելուն հաջորդող հունվարի 20-ին: Մինչ այդ երդմնակալության համար սահմանված էր մարտի 4-ը:

Հայտնի է, որ ԱՍԱԼԱ-ի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանը 1972-ի վերջին այցելել էր Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարան, ներկայացել որպես պարսիկ մեծահարուստ, հյուպատոսին ու փոխհյուպատոսին գայթակղել Թուրքիայի համար արժեքավոր նվերներով, պայմանով, որ նվերները պիտի հանձնվեն իր հարկի տակ: Ահա 1973-ի հունվարի սկզբին Յանիկյանը հեռախոսազրույց է ունենում հյուպատոս Մեհմեդ Բայդարի հետ՝ հանդիպման օրվա մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: Հյուպատոսը թերթում է իր օրացույցը և առաջարկում հանդիպել առաջիկա շաբաթ օրը՝ հունվարի 20-ին: Յանիկյանն այն է՝ պիտի համաձայներ, բայց հանկարծ հիշում է, որ այդ օրը պիտի տեղի ունենա նախագահ Ռիչարդ Նիքսոնի երդմնակալությունը: Այսինքն ԱՄՆ ողջ հասարակությունը, աշխարհն էլ նրա հետ, պիտի սևեռված լինեն այդ կարևոր իրադարձության վրա, և իր ծրագրած գործողությունը սպասված հնչեղությունը չի ունենա: Այնինչ Յանիկյանին պետք էր, որ աշխարհը խոսեր իր գործողության մասին, որ աշխարհը մտածեր, թե ինչու է ծերունի հայը թուրք դիվանագետներ սպանել: Ուստի վայրկենապես մի պատրվակ է հնարում ինչ-որ զարմիկի պսակադրության մասին, որին իր մասնակցությունը պարտադիր էր, և խնդրում է այլ ամսաթիվ: Հյուպատոսը նորից թերթում է օրացույցը և առաջարկում հաջորդ շաբաթ օրը՝ հունվարի 27-ը: Այսպիսով թուրք հյուպատոսն ու փոխհյուպատոսը շարունակում են ապրել ևս մեկ շաբաթ: Իսկ դրանից երկու տարի անց՝ 1975-ի հունվարի 20-ին ԱՍԱԼԱ-ն իր առաջին գործողությամբ հայտարարեց իր մասին:

Այսօր ԱՍԱԼԱ-ի ստեղծման 46-րդ տարեդարձն է: Հիշողներն ու արժևորողները Երևանում, Վանաձորում ու այլուր նշանավորում են այս տարեդարձը: Բայց այս տարի բոլորս գլխահակ ենք ու մեղավոր ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի առաջ»: