Կեսգիշերային տագնապ Առողջապահության նախարարությունում

Հունվարի 8-ին՝ հերթական անգամ կեսգիշերն անց Առողջապահության նախարարությունը տագնապի մեջ էր: Նախ ԱՆ խոսնակը ակնհայտաբար ԱԹ-ի կողմից հրահանգված անդրադարձ է կատարում Հ1-ով էկոնոմիկայի նախարարի հարցազրույցին, որում վերջինս դեմ է արտահայտվում կարանտինը 6 ամսով երկարաձգելու որոշման նախագծին: Րոպեներ անց ԱՆ պաշտոնական էջն է տարածում այդ գրառումը, շուրջօրյա աշխատանքի պատրանք ստեղծելով: Ճնշումների տակ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն իր էջից հեռացնում է հարցազրույցի մասին գրառումն ու հղումը:

ԱՆ խոսնակն իրեն իրավունք է վերապահում «դասեր» տալ էկոնոմիկայի նախարարին, ի ցույց դնելով ներկայիս կառավարության պետական կառավարման մարմինների միջև երկխոսության բացակայությունը, համագործակցության մակարդակը ու միմյանց հետ սոցցանցերով շփման առկա մշակույթը:

Եվ դա այն պարագայում, երբ`

Կարանտինը ՀՀ-ում ի սկզբանե կրել է ձևական բնույթ և չի ծառայել հիվանդության տարածման կանխարգելմանը,

Կանխարգելիչ միջոցառումները հիմնականում հանգել են դիմակի կիրառման քարոզին, որն արդյունավետ է և իմաստ ունի, երբ այն օգտագործվում է ճիշտ ձևով, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ համատեղ:

Միանշանակ, բացօթյա պայմաններում, երբ կա թարմ օդի մշտական հոսք, բավարար տարածություն մարդկանց միջև, վարակման վտանգը չնչին է և դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։ Սակայն, հսկայական վարչական ռեսուրսն ուղղվել էր բացօթյա տարածքներում դիմակի կրման հսկողությանը, այն դեպքում երբ կորոնավիրուսով վարակումը հիմնականում տեղի է ունենում փակ տարածքներում՝ աշխատավայրերում, տներում, բուժհիմնարկներում, մարդկանց քիչ թե շատ տևական շփման ընթացքում:

Կոնտակտավորների հայտնաբերման և վերահսկման համալիր միջոցառումներ չեն կազմակերպվել:

Աշխատավայրերում կանխարգելումը կրել է ձևական բնույթ, գործատուները իրականում չեն ներգրավվել վարակի տարածման կանխարգելման գործում։

Համաճարակի սկզբից ԱՆ-ի և անձամբ նախարարի հայտարարությունները, կանխատեսումները, հիմնավորումները եղել են մերկախոս, չեն կատարվել և ներկայացվել որևէ հետազոտություններ, գիտական կամ տրամաբանական հիմնավորումներ։ Կարանտինի երկարացման առաջարկը այս շարքից է։

Կանխատեսումների և ռազմավարական պլանավորման համար չի իրականացվել բնակչության շրջանում որևէ հետազոտություն, որով կարելի է հիմնավորել կարանտինի կամ այլ սահմանափակումների կիրառումը:

Շինծու է խոսնակի այն պնդումը, թե առողջապահության նախարարության ջանքերով կորոնավիրուսով վարակված անձանց ապահովվել է անհրաժեշտ թթվածին, քանի որ թթվածնի սահմանափակ քանակի պատճառով բուժառուները չեն հոսպիտալացվել և տներում մահացել են:

Շուտով մեկ տարին կլրանա, որ համաճարակի սկզբից անտեսվում են երկրում մասնագիտական կարծիքն ու կատարված վերլուծությունները, իսկ խոսնակը հղումներ է անում ինչ որ միջազգային գնահատականներին:

Հարց. Ու՞մ շահերն է սպասարկում ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարություն, ԱՆ խոսնակ, Հ1, էկոնոմիկայի նախարար

Հակահամաճարակային Ալյանսի ֆեյսբուքյան էջից