Պետական ապարատը դրված է «խալաստոյի» վրա. Կարեն Քոչարյան

«Իշխանությունն այդպես էլ չասաց, թե Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ ինչ են բանակցելու: Ինֆորմացիոն արտահոսքեր եղան, որ բանավոր պայմանավորվածությունները կարող են գրավոր դառնալ: ժողովրդի վարչապետն ասել էր, որ ամեն ինչ քննարկելու է, և նոյեմբերի 9-ի իր հերթական սուտն այն էր, որ ասում էր՝  դե, ես ժամանակ չունեի, որպեսզի քննարկեի ժողովրդի հետ: Հիմա էլ հո ժամանակ կա՞ր, բայց այդպես էլ չքննարկեց ու չասաց՝ ինչ է գնում այնտեղ բանակցի»,- ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ ստորագրվելու են նաև տնտեսական տարբեր փաստաթղթեր՝ Ռուսաստանի հետ, այդ թվում՝ պատերազմի ժամանակ այնտեղից եկած մեծ քանակության զենքի համար գումարի փաստաթուղթը, որը հերթական բեռն է դառնալու Հայաստանի Հանրապետության համար:

Կարեն Քոչարյանի խոսքով, Հայաստանն արդեն երկու ամիս է՝ իշխանություն չունի, Հայաստանում քաոս և անարխիա է՝ անիշխանություն։

«Ես չեմ ասում, որ ինչ-որ մեկի մոտ է այդ իշխանությունը, ցավոք՝ չէ։ Այսպես երկար ապրել չի կարելի, Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի ապացուցել է, որ որևէ հարց ՀՀ-ում չի կարողանում լուծել, որևէ։ Սկսած քաղաքականությունից, անվտանգությունից, վերջացրած տնտեսականով։ Ինքը շարունակում է խոստումներ տալ, որ լավ կլինի, մենք կսկսենք շուտով առևտուր անել Ադրբեջանի և Թուրքիայի հետ…։ Բայց իր խոստումները չեն կատարվում, և դա բնական է։ Մի երկրում, որտեղ իշխանությունը և իշխանության առաջին դեմքը տրամադրությունով է շարժվում՝ մեկ ղժղժում է, վրեժի կոչ անում, մեկ՝ հանգիստ է…, չի կարողանում պայմանավորվել թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին ուժերի, թե՛ սփյուռքի հետ, բնական է, որ ներդրումներ չեն կարող լինել»,- ասաց  նա, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքին այժմ մի «կոզր» համարվող թեմա կա՝ նախկինները։ Բայց և այնպես, քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ այդ նախկիններից որևէ մեկի նկատմամբ 2.5 տարվա ընթացքում դատական որոշում չի եղել։

«Այդ ամենը փուչիկ է, սուտ է։ Նիկոլ Փաշինյանը միայն ականջներին լապշա կախող է, նա ուրիշ ոչինչ չի կարողանում անել։ Ես չեմ ասում, որ չի ուզում, միգուցե շատ է ուզում, բայց չի կարողանում, կոմպետենտ չէ նա։ Անգամ մարդկանց է փոխում, փորձում է երկարաձգել իր իշխանությունը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական բոլոր գործընթացներից դուրս գրված ֆիգուր է, միանշանակ է։ Այստեղ խնդիրն այն է, թե երբ կլինի փոփոխությունը, քանի որ, միևնույն է, նա այսօր իշխանություն չէ»,- նկատեց Կարեն Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը նշեց, որ այժմ իրավիճակ է փոխվել, և 80% ձայն ստացած լիդերը չի կարողանում փողոց դուրս գալ, չի կարողանում առանց հազարավոր ոստիկանների օդանավակայան գնալ։

«Ես այդպիսի լիդեր չեմ պատկերացնում։ Էլ չեմ ասում իր թիմի անդամները, որ չեն կարողանում փողոց դուրս գալ։ Ես չեմ պատկերացնում ոնց են այդ մարդիկ ապրելու։ Ենթադրենք իրենք շարունակեցին պահել իրենց մանդատը՝ աշխատավայր գնալով հետևի մուտքերով։ Բայց իրենք չեն աշխատելու, քանի որ պետական ապարատը հիմա չի աշխատում, պետական ապարատը դրված է «խալաստոյի» վրա, իներցիայով գնում ենք։ Հիմա իրենք իներցիայով ինչ-որ բաներ են անում, բայց աշխատանք չի դա։ Պետությունը որևէ քայլ առաջ չի գնում։ Եվ կա՛մ իշխանությունը կհասկանա, որ պետք է հետ կանգնել, կամ՝ կկործանվենք»,- ասաց նա։