ՊՇՌ թեստի համար քաղաքացու փոխարեն կարող է վճարել բարեկամը. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի հրամանը ՍԴ-ը ճանաչել է սահմանադրական, դրա բոլոր պահանջները, բացի «իր հաշվին» արտահայտությունից համապատասխանում է Սահմանադրությանը, հաջորդիվ որևէ փոփոխություն չունենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով ՊՇՌ պարտադիր հետազոտություն անցնելու նախարարության հրամանի վերաբերյալ ՍԴ որոշմանը։

««Իր հաշվին» արտահայտությունը, որը ՍԴ-ը ճանաչեց հակասահմանադրական, դուրս կգա, բայց եթե բարեկամը, որևէ բարերար կամ այլ անձ, որը ցանկություն ունի վճարել, նման սահմանափակում չենք կարող մտցնել, ինչը իրավաչափ է, այո՛, քաղաքացու փոխարեն կարող է նրա բարեկամը վճարել թեստի համար։ Պետության կամ գործատուի կողմից նման ծախս վերցնելու վերաբերյալ որևէ բան չկա ՍԴ որոշման մեջ։ Այն բոլոր ծախսերը, որոնք պետական բյուջեի հաշվին չեն իրականացվում, պարզ է, որ իրականացվում են մասնավոր հիմունքներով»,– ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ՊՇՌ իրականացնող որոշ լաբորատորիաների կողմից գնային քաղաքականության կտրուկ փոփոխություններ եղան և ՏՄՊՊՀ-ն քննության պետք է առնի այդ դեպքերը, հասկանալու, թե ինչքանով են այդ փոփոխությունները օբյեկտիվ։