Իրաքյան Քուրդիստանի երիտասարդ դիվանագետները վերապատրաստման դասեր են անցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Իրաքյան Քուրդիստանից վերապատրաստման եկած երիտասարդ դիվանագետների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, շնորհավորելով քրդստանցի դիվանագետներին և նրանց հանձնելով երկշաբաթյա դասընթացի ավարտական վկայականները, գոհունակությամբ արձանագրեց առաջին անգամ արտերկրի երիտասարդ դիվանագետների համար Դիվանագիտական դպրոցում նման ձևաչափով իրականացվող ծրագրի բարեհաջող ավարտը:

Իրաքյան Քուրդիստանից ժամանած երիտասարդ դիվանագետների համար պատրաստված համապարփակ ծրագիրը կազմված է եղել մի քանի շերտերից և  հագեցած ոչ միայն միջազգային հարաբերություններին ու դիվանագիտությանը վերաբերող գիտելիքներով, այլև պատմամշակութային բաղադրիչներով: Մասնավորապես, ուսանողներին դասավանդել են հիմնական գիտելիքներ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի մասին և Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրների և տարբեր երկրների, տարածաշրջանային ու միջազգային տարբեր կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Նաև ներկայացվել է Հայաստանի համար հետաքրքիր ու կարևոր հարցերի մասին պաշտոնական Երևանի տեսակետը:

Իրաքյան Քուրդիստանի 12 երիտասարդ դիվանագետների համար Դիվանագիտական դպրոցում կազմակերպված դասերը տևել են 12 օր: Հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ տնօրեն Վահե Գաբրիելյանը նաև նրանց նվիրեց վերջերս լույս տեսած «Հայաստանի դիվանագիտական դպրոց. Վկայություններ» գիրքը: Քրդստանցի դիվանագետներն էլ իրենց հերթին Քուրդիստանի մասին գիրք և այլ նվերներ հանձնեցին տնօրենին և դպրոցի մյուս աշխատակիցներին:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է կառավարության որոշմամբ 2009 թ. սեպտեմբերին: Դպրոցի բացումը տեղի է ունեցել 2010 թ. փետրվարի 15-ին: 2010 թ. հուլիսից Դիվանագիտական դպրոցի տնօրենը դեսպան Վահե Գաբրիելյանն է:

Դիվանագիտական դպրոցի առաջնային նպատակներն են արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, ինչն իրականացվում է բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը: Հիմնական դասընթացները դպրոցում վարում են Եվրամիության, ինչպես նաև ԵԱՀԿ օժանդակությամբ արտերկրից հրավիրված դասախոսները:

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2021 թ. փետրվարի 24-ին: Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսը Արշակ Մանուկյանն է:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում