Առանց մարդու, առանց սահմանային բնակիչների իրավունքների, կյանքի կոնկրետ խնդիրների անվտանգության հարցերն առաջ տանելը մեզ կշարունակի դարձնել ռազմաքաղաքական անարդար գործընթացների զոհը․ ՄԻՊ (տեսանյութ)

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրի անվտանգության երաշխիք են:

Անվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից:

Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ որքան թույլ են պաշտպանված մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան թույլ է երկրի անվտանգության համակարգը:

Այս սկզբունքային մոտեցումը մեզ համար հիմա առավել, քան կենսական է:

Առանց մարդու, առանց սահմանային բնակիչների իրավունքների, կյանքի կոնկրետ խնդիրների անվտանգության հարցերն առաջ տանելը մեզ կշարունակի դարձնել ռազմաքաղաքական անարդար գործընթացների զոհը:

Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում այս մոտեցումը մեզ միայն կուժեղացնի:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է իրազեկող տեսանյութ այն մասին, թե ինչ  կարևոր դեր ունի անվտանգության ոլորտի նկատմամբ  ժողովրդավարական վերահսկողությունը։

Տեսանյութի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է վերահսկվում մեր երկրում անվտանգության ոլորտի մարմինները՝ Զինված ուժեր և ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ, իրավապահ մարմիններ: Տեսանյութը նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքի համար հատկպես արտաքին վերահսկողությունը, որում ազդեցիկ դեր ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը»։