Մոսկվայի շրջանային դատարանը 9 հայի 5-20 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին զինծառայողի սպանության գործով

Մոսկվայի շրջանային դատարանը 2019 թվականի ամռանը ՌԴ գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության քրեական գործի շրջանակում հրապարակել է ինը մեղադրյալի դատավճիռները:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, առավելագույն ժամկետը՝ 20 տարի ազատազրկում, ստացել է Սերգեյ Խոջոյանը, որը դանակով մահացու հարված է հասցրել Բելյանկինին։

Եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները, որոնք, դատարանի որոշմամբ, սպանության պահին պահել են Բելյանկինին, ինչպես նաև «ակտիվորեն մասնակցել» երկու ռեանիմատոլոգների ծեծի ենթարկելուն, համապատասխանաբար 17 և 18 տարվա ազատազրկման են դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում։

Նվազագույն պատիժը՝ 5 տարի ընդհանուր ռեժիմի գաղութում, ստացել է Նարեկ Ստեփանյանը, իսկ Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ Մանուկյանը, Սահակ Սահակյանը դատապարտվել են 5,5-ական տարվա ազատազրկման։

Մեղադրյալների պաշտպանության ներկայացուցիչները կբողոքարկեն դատավճիռը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատապարտյալներից մեկի փաստաբան Նարեկ Կոստանյանը։

Ինչպես հաստատվել է հետաքննության և դատարանի կողմից, 2019 թվականի հունիսի 1-ին մերձմոսկովյան Կրասնոգորսկի Պուտիլկովո գյուղում  սրճարանի տնօրեն Գուրգեն Աղայանը անհիմն պահանջել է, որ երկու այցելուներ՝ ռեանիմատոլոգներ, հեռանան հաստատությունից։ Կոնֆլիկտի մեջ են մտել ևս 9 հոգի, որոնք ալկոհոլային ազդեցության տակ մոտեցել են սրճարանին և ծեծկռտուք սկսել։

«Գլխին ուժեղ հարված ստանալով՝ տղամարդկանցից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել, երկրորդը փորձել է դիմադրել, սակայն դանակով վիրավորվել է որովայնից և արյունահոսելով պառկել, մինչդեռ չորս հոգի շարունակել են հարվածել նրան, իսկ յոթը շրջապատել են նրանց՝ թույլ չտալով հեռանալ դեպքի վայրից: Ծեծկռտուքը նկատել է ԳՀՎ հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինը, որը, տեսնելով հակառակորդների անհավասար ուժերը, բղավել է խուլիգանների վրա և տրավմատիկ ատրճանակից օդ կրակել՝ պահանջելով կանգ առնել ու վերջ տալ անօրինական գործողություններին»,- նշել է Քննչական կոմիտեն։

Մեղադրական եզրակացությունից հետևում է, որ կոնֆլիկտի մի քանի մասնակիցներ վազել են Բելյանկինի մոտ և սկսել են միաժամանակ բազմաթիվ հարվածներ հասցնել նրան, սակայն նա նրանց ակտիվ դիմադրություն է ցույց տվել։ Եղբայրներ Համլետ, Հրանտ և Հովհաննես Հայրապետյանները  բռնել են Բելյանկինին՝ շարունակելով հարվածել, իսկ Սերգեյ Խոջայանը դանակով հարվածել է սրտի շրջանում։ Մնացած տղամարդիկ շրջապատել են տուժածներին և թույլ չեն տվել հեռանալ դեպքի վայրից։