Վանաձորի վակուումը լուծելու համար շատ արագ պետք է ընտրել համայնքապետ Արթուր Օհանյան

«Վանաձոր համայնքն այս ամենի հետևանքով ունի իրավական կազուսային խնդիրներ, քանի որ այս պահին կասեցված են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, համայնքի ղեկավար էլ չունենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը՝ անդրադառնալով այսօր ավագանու նիստը չկայանալու, համայնքապետ չընտրվելու հետևանքներին։

Նա հիշեցրեց, որ տարեվերջ է, բյուջետային հարցեր են քննարկվում, քաղաքացիները պարտավորություններ ունեն համայնքի նկատմամբ, համայնքը պարտավորություններ ունի այլոց նկատմամբ։

«Այս առումով առաջանում է վակուում, որը լուծելու համար շատ արագ պետք է ընտրել համայնքապետ։ Համայնքապետը գործադիր մարմինն է և որոշակի լիազորություններ իրականացվում են գործադիր մարմնի միջոցով»,-ասաց նա։

Նա հորդորեց պատկան մարմիններին, ավագանու անդամներին, այն մարդկանց, որոնք որևէ ազդեցություն ունեն այս գործընթացների վրա, գործել Վանաձորի ու վանաձորցու շահերից ելնելով։

Օհանյանը նշեց, որ իրենց առջև պայման է դրվում․ «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ստացել է ավագանու 33 տեղերից 15 մանդատ, մեր դաշինքը ունի հնարավորություն համագործակցել ավագանի անցած բոլոր 4 ուժերից որի հետ ուզի: Այս պարագայում, քանի որ Մամիկոն Ասլանյանը կալանավայրում է, մենք ունենք ոչ թե 15, այլ 14 մանդատ: Դրանով այդ այլընտրանքի սկզբունքը խաթարվում է: Այսինքն մեր առջև պայման է դրվում՝ դուք կամ առնվազն 2 քաղաքական ուժի հետ պետք է համագործակցեք, կամ այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն 5 մանդատ կամ 9 մանդատ»:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից դատարան դիմելուն՝ մանդատ տրամադրելու պահանջով, Օհանյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ին պակասել է 10 քվե, անճշտությունները եղել են 12 և հնարավոր չէր, որ 12-ից տասը քվեն լիներ «Լուսավոր Հայաստան»-ինը։ Նա հիշեցրեց վարչական դատարանը մերժել է բավարարել ԼՀԿ-ի դիմումը, ինչից հետո կուսակցությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարան։

Հիշեցնենք, որ այսօրվա կարճատև նիստին մասնակցում էին միայն ավագանու «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցությունների անդամները։