Ոստիկանները բացեցին համայնքապետարանի մուտքը. Վոլոդյա Գրիգորյանը շենք մտավ

Ոստիկանները քիչ առաջ բացեցին Փարաքարի համայնքապետարանի շենքի մուտքը և «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը մուտք գործեց շենք։

Նշենք, որ Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը,  սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել և կազմակերպել երդմնակալության արարողությունը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

Բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, և պահանջում էին թույ տալ իրենց՝ մտնել համայնքապետարան։

Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։