Բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին փարաքարցիներին

Կարմիր և սև բերետավորները Զվարթնոց տանող ճանապարհը փակած Փարաքար համայնքի բնակիչներին բռնի ուժով բերման ենթարկեցին։

Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին և նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել և կազմակերպել երդմնակալության արարողությունը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։