ՊՆ-ը պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարի

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում որոշում կայացրեց 2021 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը կսահմանվի մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվել է պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում: