Ժապարովը նկատողություն է արել Ադրբեջանում Ղրղզստանի դեսպանին չհամաձայնեցված հայտարարության համար

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը չորեքշաբթի նկատողություն է արել Ադրբեջանում հանրապետության դեսպան Կայրաթ Օսմոնալիևին՝ չհամաձայնեցված հայտարարությունների համար, որոնք շահարկումների տեղիք են տվել ԶԼՄ-ներում։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Օսմոնալիևը խոսել է «5+3» հարթակ հրավիրելու Ղրղզստանի նախաձեռնության մասին, որին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները։ Այն ենթադրում է մասնակից պետությունների համագործակցությունը քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Դեսպանի խոսքով՝ նախաձեռնության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև հարթակին մասնակցող ենթադրյալ երկրների հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Թուրքիան։

Հղում անելով Ղրղզստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի ասուլիսին՝ մամուլում հայտնվել են հրապարակումներ, թե, իբր, «Ղրղզստանը Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներին հրավիրել է հանդիպել Ռուսաստանից առանձին»։ Նախագահի աշխատակազմն այդ հրապարակումներն անվանել է իրականությանը չհամապատասխանող և սադրիչ։