ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ դեմ «արտահանման հսկողության» սահմանումը Ուկրաինա «ներխուժման» դեպքում. Reuters

Միացյալ Նահանգների իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի դեմ «կոշտ արտահանման հսկողություն» սահմանելու հնարավորությունը՝ իբր հնարավոր «Ուկրաինա ներխուժելու»  դեպքում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, ուսումնասիրվում է սմարթֆոնների, ավիացիոն և ավտոպահեստամասերի ներկրումը սահմանափակելու հնարավորությունը։ Գործակալության տվյալներով՝ միջոցառումների այս փաթեթը ի լրումն տնտեսական պատժամիջոցների է և կքննարկվի դեկտեմբերի 21-ին կայանալիք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։

Ինչպես նշում է գործակալությունը, վերոնշյալ սահմանափակումները կարող են արգելափակել Ռուսաստանի մուտքը տեխնոլոգիաների լայն շրջանակ, որոնք նախատեսված են զանգվածային սպառողների և արդյունաբերության համար։

Վարչակազմի աղբյուրը հայտնել է, որ հնարավոր միջոցները «աննախադեպ» կլինեն Ռուսաստանի համար: Նա հավելել է, որ Վաշինգտոնը ծրագրում է սերտ խորհրդակցություններ Եվրոպայի և Ասիայի հիմնական գործընկերների հետ, որոնց վրա կարող են ազդել այդ սահմանափակումները։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և լարվածության անհիմն էսկալացիա է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։ Նրա խոսքով, Մոսկվան ամեն ջանք գործադրում է Կիևին օգնելու համար լուծել Դոնբասում հակամարտությունը՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով նորմանդական ձևաչափին և մինսկյան պայմանավորվածություններին։